Ծննդաբերության և վարակների ն առնչվող բարդությունները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ամեն տարի մինչև հինգ տարեկան գրեթե 76 հազար երեխայի կյանք են խլում, իսկ որոշ առողջական ցուցանիշներ «հետ են մղվում», ըստ Ֆրանսպրես գործակալության՝ երեքշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
2022 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանը, որն ընդգրկում է 53 երկիր, ներառյալ՝ Կենտրոնական Ասիայի մի քանի երկրներ, գրանցել է մինչև 5 տարեկան 75 հազար 647 երեխայի մահ։
Մահվան հինգ հիմնական պատճառներն են՝ «վաղաժամ ծննդաբերության բարդությունները, ծննդաբերության ասֆիքսիան՝ շնչահեղձուկը, սրտի բնածին արատները, ստորին շնչուղիների վարակները և նորածնային սեպսիսը», ասված է կազմակերպության զեկույցում:
Տարածաշրջանը հայտնի է իր ուժեղ առողջապահական համակարգերով, սակայն «մի շարք ցուցանիշներով՝ երեխաների և դեռահասների առողջությունից մինչև խրոնիկական հիվանդություններ, արձանագրվել է լճացում կամ նույնիսկ հետընթաց», ասված է ԱՀԿ զեկույցում:
«Շատ նորածիններ և երեխաներ առաջվա պես անհարկի մահանում են մինչև հինգ տարեկանը», - ասված է ԱՀԿ զեկույցում:
«Որոշ երկրներում մինչև հինգ տարեկան երեխաների մահացությունը և նույնիսկ մայրական մահացությունը ևս բարձրանում է, աճում կամ հետընթաց է ապրում... Այժմ ինքնահանգստացում ժամանակը չէ», - ասուլիսում հայտարարել է երկրներում ԱՀԿ-ի առողջապահության քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը:
Թեև Եվրոպայում մանկական մահացության մակարդակը մնում է շատ ցածր, լավագույն և վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների միջև էական տարբերություններ կան:
ԵՄ երկրների մեծ մասում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության մակարդակը տատանվում է 1,5-ից 4,1-ի սահմաններում 1000 ծննդյան հաշվով, ի տարբերություն Թուրքմենստանի և Տաջիկստանի, որտեղ այդ ցուցանիշը տատանվում է 18,2-40,4-ի սահմաններում:






