Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հյուսիս-արեւմուտքում անհայտ հիվանդությունից մահացել է ավելի քան 50 մարդ, հայտնել են երկրի առողջապահական համակարգն ու ԱՀԿ-ն, տեղեկացրել է Associated Press-ը։

«Ախտանիշների առաջացման եւ մահվան միջեւ ընկած ժամանակահատվածը շատ դեպքերում ընդամենը 48 ժամ է, եւ դա իսկապես մտահոգիչ է»,- երկուշաբթի Associated Press-ին հայտնել է Բիկորո հիվանդանոցի՝ տարածաշրջանային մոնիթորինգի կենտրոնի բժշկական տնօրեն Սերժ Նգալեբատոն:

Կոնգոյում վերջին բռնկումը սկսվել է հունվարի 21-ին, եւ երկուշաբթի օրվա դրությամբ գրանցվել է 419 դեպք, այդ թվում՝ 53 մահ:

ԱՀԿ Աֆրիկյան գրասենյակի տվյալներով՝ Բոլոկո քաղաքում առաջին բռնկումը սկսվել է այն բանից հետո, երբ երեք երեխա չղջիկ են կերել եւ 48 ժամվա ընթացքում մահացել հեմոռագիկ տենդի ախտանիշներից։

Վաղուց արդեն երկյուղներ կան, որ այնտեղ, որտեղ զանգվածաբար վայրի կենդանիներ են ուտում, հիվանդությունները կարող են կենդանիներից փոխանցվել մարդկանց: Աֆրիկայում նման բռնկումների թիվը վերջին տասնամյակի ընթացքում աճել է ավելի քան 60 տոկոսով, տեղեկացրել է ԱՀԿ-ն 2022թ.։