Ցյուրիխի համալսարանի գիտնականները լայնածավալ հետազոտություն են անցկացրել՝ ուսումնասիրելով, թե շիզոֆրենիայով հիվանդների ուղեղի որ հատվածներն են մեծ փոփոխականություն ցուցաբերում: Աշխատանքը հրապարակվել է American Journal of Psychiatry (AJP) ամսագրում:

Շիզոֆրենիան բարդ հոգեկան խանգարում է, որն ազդում է ընկալման, մտածողության եւ հույզերի վրա: Որոշ հիվանդներ ունեն ընկալման խնդիրներ, իսկ մյուսները՝ կոգնիտիվ խանգարումներ:

«Այս առումով շիզոֆրենիա՝ որպես մեկ հիվանդություն, գոյություն չունի։ Կան դրա բազմաթիվ տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նյարդակենսաբանական պրոֆիլը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Ցյուրիխի համալսարանի հոգեբուժական կլինիկայի ավագ բժիշկ Վոլֆգանգ Օմլորը:

Շիզոֆրենիայի արդյունավետ բուժման համար պահանջվում է անհատականացված մոտեցում, որը հաշվի է առնում կոնկրետ պացիենտի ուղեղի առանձնահատկությունները:

Նոր աշխատանքում գիտնականները վերլուծել են գլխուղեղի կեղեւի հաստությունը եւ մակերեսը, ինչպես նաեւ ուղեղի խոր կառուցվածքների ծավալը։ Տվյալներն ստացվել են միջազգային ENIGMA նախագծից, որը ներառել է 22 երկրներից ավելի քան 6 հազար մարդու ուղեղի պատկերներ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ շիզոֆրենիա ունեցող պացիենտների ուղեղի կառուցվածքի տարբերությունները բացատրում են նրանց ախտանիշների տարբերությունները: Բայց որոշ հատվածներ, ինչպիսին է միջին ճակատային շրջանը, ցույց են տալիս նմանատիպ փոփոխություններ բոլոր հիվանդների մոտ: Այս փոփոխությունները զարգանում են մանկության տարիներին, ինչը վկայում է ուղեղի ոչ այնքան ճկուն զարգացման մասին վաղ տարիներին:

«Այդ տվյալներն օգնում են ավելի լավ հասկանալ շիզոֆրենիայի նյարդակենսաբանական բնույթը»,- ավելացրել է Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Հոմանը:

Հետազոտողները նշել են, որ գլխուղեղի կեղեւի նման փոփոխությունները կարող են ցույց տալ հիվանդության զարգացման մեխանիզմները, մինչդեռ անհատական ​​բարձր փոփոխականությամբ գոտիները կարող են լինել անհատականացված բուժման բանալին: