Թյուբինգենի համալսարանական հիվանդանոցի եւ այլ ինստիտուտների գերմանացի գիտնականները պարզել են, որ բարձր կալորիականությամբ մթերքների նույնիսկ կարճաժամկետ օգտագործումը կարող է նվազեցնել ուղեղի զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Սա նպաստում է ճարպակալման եւ 2-րդ տեսակի դիաբետի առաջացմանը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Metabolism (NatMetab) գիտական ​​ամսագրում:

Փորձին մասնակցել է նորմալ քաշով 29 տղամարդ, որոնց բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը հինգ օր շարունակ իր սովորական սննդակարգին ավելացրել է 1 500 կալորիա բարձր կալորիականությամբ նախուտեստներ, մինչդեռ վերահսկիչ խումբը սնվել է սովորականի պես: Գիտնականներն օգտագործել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)՝ գնահատելու լյարդում ճարպի պարունակությունը եւ ուղեղի զգայունությունը ինսուլինի նկատմամբ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ մարդկանց մոտ հինգ օր բարձր կալորիականությամբ նախուտեստներ (օրինակ՝ կոնֆետներ եւ չիփսեր) ուտելուց հետո նկատվել է ուղեղի զգայունության զգալի նվազում ինսուլինի նկատմամբ։ Այս ազդեցությունը պահպանվել է նույնիսկ սովորական սննդակարգին վերադառնալուց մեկ շաբաթ անց: Նախկինում նման փոփոխություններ նկատվում էին միայն ճարպակալում ունեցող մարդկանց մոտ։

«Մեր արդյունքներն առաջին անգամ ցույց են տվել, որ անառողջ մթերքների նույնիսկ կարճաժամկետ օգտագործումը զգալի փոփոխություններ է առաջացնում ուղեղում, որոնք կարող են լինել ճարպակալման եւ 2-րդ տիպի շաքարախտի սկզբնական պատճառը»,  նշել են գիտնականները:

Ինսուլինը հորմոն է, որը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, առանցքային դեր է խաղում ախորժակի վերահսկման գործում: Առողջ վիճակում ինսուլինը ճնշում է քաղցը, սակայն ճարպակալում ունեցող մարդկանց մոտ այդ ֆունկցիան խաթարված է, ինչը հանգեցնում է ռեզիստենտության ինսուլինի հանդեպ: