«Աղջկաս դասարանում 33 աշակերտից 14-ը ջրծաղիկով են հիվանդ։ Հանրային առողջության ու կրթության անտերությունը»։ Այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ իր դուստրը սովորում է թիվ 177 դպրոցի 3-րդ դասարանում, և նմանատիպ վիճակագրություն է դիտվում նաև այլ դասարաններում։ Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ հիվանդությունը տարածված է նաև մայրաքաղաքի այլ դպրոցներում։
Պատասխանելով օգտատերերի հարցերին, Հովակիմ Զաքարյանը նշել է, որ «ջրծաղիկի հետ կապված բժիշկների մոտ կա մի տարածված մոլորություն. քանի որ մահվան դեպքերը շատ քիչ են, էս հիվանդությունը վտանգավոր չէ։ Իրականում, վտանգավոր վիրուսային հիվանդություններից մեկն է, թե իր առողջության վրա թողած երկրորդային ազդեցություններով, թե հոգեբանական խնդիրներով՝ հատկապես երեխաների համար, թե տնտեսական ազդեցությամբ։ Ու նորմալ երկրում ԱՆ ու կրթության նախարարությունը պետք է ոչ թե վիճակագրություն հավաքողի ու դիտորդի դերում լինեն, այլ ակտիվ պայքար մղեն»։
Ըստ նրա՝ հիվանդության դեմ պայքարում անհրաժեշտ են հետևյան քայլերը.
«1) դպրոցում նորմալ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում իսկ սեզոնային բռնկումների ժամանակ առանձնահատուկ խստացումներ։ Չի կարող հսկա 1000 աշակերտ ունեցող դպրոցը ընդամենը 2 կամ 3 հավաքարար ունենալ։
2) կարանտինի մեխանիզմ պիտի լինի, որ հենց դասարանում գրանցվում է առաջին դեպքը, դասարանն անցնի հեռավար ռեժիմի։ Ու դեպքերը պետք է միանգամից հաղորդել պատկան մարմիններին։
3) պատվաստումների միջոցառումները պասիվ վիճակից փոխել ակտիվ ու գնալ դպրոցներ, ոչ թե պոլիկլինիկայում նստել ու սպասել մարդկանց գալուն, հատկապես, որ գիտես, որ չեն գալիս»։






