Պենզայի պետական համալսարանում (ՊՊՀ) ստեղծվել է կոնտրաստային տոմոգրաֆի աշխարհում առաջին արդյունաբերական նախատիպը՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար: Մշակումը պաշտպանված է համակարգչային ծրագրի պետական գրանցման երեք վկայականներով։
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Վաղ փուլում հիվանդությունը կարող է զարգանալ առանց ախտանիշների, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս միջին տարիքի կանանց պարբերաբար հետազոտություններ անցնել, հայտնել են կրթության եւ գիտության նախարարությունում։ Եթե չարորակ նորագոյացությունը հայտնաբերվում է վաղ փուլում, ապա այն հաղթելու իրական հնարավորություն կա:
Գոյություն ունեցող ախտորոշման մեթոդների, ինչպիսին է մամոգրաֆիան, թերությունը օրգանիզմի ճառագայթման ազդեցությունն է: Հիվանդի բազմակի հետազոտություններն անցանկալի են։ Տարեկան իոնացնող ճառագայթման չափաբաժինը չպետք է գերազանցի որոշակի շեմը։ Եվ պետք է մշտապես վերահսկվի բուժման ընթացքը:
ՊՊՀ աշխատակիցները պացիենտների հետազոտման անվտանգ ոչ ինվազիվ մեթոդներ են մշակում՝ կոնտրաստային տոմոգրաֆիա (միկրոալիքային տոմոգրաֆիա) եւ բիոիմպեդանսային սպեկտրոսկոպիա։ Նրանք չեն օգտագործում իոնացնող ճառագայթումը, որը կարող է առողջ բջիջները վերածել քաղցկեղայինների:
Ուսումնասիրությունը նախատեսված է երեք տարվա համար եւ իրականացվում է ՌԴ կրթության եւ գիտության նախարարության պետպատվերի համաձայն։ Առաջին տարվա ընթացքում մշակվել են մաթեմատիկական մոդել եւ խնդրի լուծման թվային մեթոդ, ստեղծվել եւ փորձարկվել է կոնտրաստային տոմոգրաֆիայի չափիչ սարքի նախատիպը: Այս տարի տեղի է ունեցել տեխնիկայի առաջին փորձարկումը ֆանտոմային առարկաների վրա։
Այս տոմոգրաֆիան ուռուցքների բարձր կոնտրաստային վերականգնումն է եւ փոքր ուռուցքների հայտնաբերումը (1 սմ-ից պակաս): Համաշխարհային պրակտիկայում գիտնականները երկար ժամանակ աշխատում են այս ուղղությամբ։ Սակայն դեռեւս չի հաջողվել հասնել ուռուցքի ախտորոշման, տեղայնացման եւ բնույթի բավարար ճշգրտության: Աշխարհում դեռեւս չկա արդյունաբերական կոնտրաստային տոմոգրաֆ։ Բիոիմպեդանսային սպեկտրոսկոպիան հիմնված է նորմալ հյուսվածքի եւ ուռուցքի կենսաիմպեդանսի (մարմնի կենսաբանական հյուսվածքների դիմադրությունը, երբ դրանց միջով էլեկտրական հոսանք է անցնում) զգալի տարբերությունների վրա։
«Քաղցկեղի բջջի բարդ դիէլեկտրական թափանցելիության մեծությունները զգալիորեն տարբերվում են առողջ բջջի դիէլեկտրական թափանցելիություննից: Չարորակ բջջի անցանելիությունը մի քանի անգամ ավելի բարձր է»,- ասել է նախագծի գիտական ղեկավար, պրոֆեսոր, ՊՊՀ մաթեմատիկայի եւ սուպերհամակարգչային մոդելավորման ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Յուրի Սմիրնովը:
Այս տոմոգրաֆիայի համար չափիչ սարքավորման նախատիպը բաղկացած է հատուկ սարքից՝ վեկտորային ցանցի անալիզատորից, համակարգչից, ընդունող եւ հաղորդող ալեհավաքից, որոնք ուղղված են միմյանց: Անհամասեռությամբ ուսումնասիրվող առարկան տեղադրված է եռոտանու վրա երկու ալեհավաքների միջեւ։ Վեկտորային անալիզատորը ազդանշան է առաջացնում մի ալեհավաքից եւ այն ստանում մյուսից: Նմուշի միջով անցնում է էլեկտրամագնիսական դաշտ:
«Երբ մենք օբյեկտ ենք բերում ալեհավաքների միջեւ, էլեկտրամագնիսական դաշտը փոխվում է։ Էլեկտրամագնիսական ալիքի արտացոլման եւ փոխանցման գործակիցները գրանցվում են վեկտորային անալիզատորով: Այնուհետեւ, չափումների հիման վրա, անհրաժեշտ է վերականգնել անհամասեռ օբյեկտի կառուցվածքը՝ լուծելով բարդ մաթեմատիկական հակադարձ խնդիր»,- նշել է Յուրի Սմիրնովը։
Ծրագրվում է ստեղծել ինստալյացիա, որը կհամատեղի երկու մեթոդները՝ միկրոալիքային տոմոգրաֆիան եւ բիոիմպեդանսային սպեկտրոսկոպիան: Գիտնականները հույս ունեն, որ մշակված մոտեցումը թույլ կտա հասնել անհրաժեշտ ճշգրտության վտանգավոր հիվանդության վաղ ախտորոշման հարցում։






