Իրանի գիտության և տեխնիկայի համալսարանը ստեղծել է նորարարական կենսաակտիվ ներարկման մածուկ՝ կվերցետինով, որը կարող է զգալիորեն արագացնել ոսկրային հյուսվածքի վերականգնման գործընթացը։ Դրա մասին հայտնել է Iran Press պարբերականը։
«Ոսկորը ռեգեներատիվ բժշկության ոլորտում ամենաշատ հետազոտված հյուսվածքներից մեկն է։ Թեև այն բնական կերպով ապաքինվելու հատկություն ունի, ծանր վնասվածքները կարող են խաթարել ոսկրերի ձևավորման բարձր կազմակերպված գործընթացը: Ներարկվող մածուկները վերացնում են ոսկրային փոխպատվաստման ավանդական նյութերին առնչվող շատ խնդիրներ, մասնավորապես՝ ձևավորման և հարակից հյուսվածքների միգրացիայի դժվարությունները», - պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ Մեհրի Սոհրաբին:
Գիտնականը հավելել է, որ մածուկի մեջ որպես ակտիվ բաղադրիչ ներառված է կվերցետին կոչվող կենսաակտիվ նյութը, որն ի վիճակի է մեծացնել ոսկրերի խտությունը։ Մշակված բանաձևը ծառայում է կենսահամատեղելիության բարձրացմանը և ապաքինման գործընթացի արագացմանը։
Կվերցետինը ֆլավոնոիդների (P վիտամին) խմբի բնական կենսաքիմիական նյութ է: Այն կարելի է բնութագրել որպես բնական հակաօքսիդանտ, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ և կանխում հյուսվածքների վաղաժամ մաշումը: Կվերցետինն ընդունակ է միաժամանակ նվազեցնել բորբոքումն ու աջակցել իմունիտետի աշխատանքին:
Նոր ներարկվող մածուկը հաղթահարում է ավանդական ոսկրային փոխպատվաստման նյութերի թերությունները՝ նվազեցնելով հետվիրահատական բարդությունների վտանգը։ Բացի դրանից, նյութը նվազագույն վիրաբուժական միջամտություն է պահանջում:






