Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  ճարպակալման և շաքարախտի սրացման դեմ պայքարում առաջընթացի բացակայություն է արձանագրել։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ գրասենյակի ղեկավար Բատիր Բերդիկլիչևը։

«Դուք գիտեք, որ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համաշխարհային ծրագրի նպատակներից մեկը 2025 թվականի դրությամբ  ճարպակալման և շաքարախտի աճի դադարեցումն էր։ Եվ, ցավոք, գլոբալ ծրագրի նպատակներին հասնելու մոնիտորինգի տվյալները ցույց են տալիս այս ցուցանիշի առաջընթացի բացակայությունը», -«Առողջ հասարակություն» ֆորումում նշել է նա:

ԱՀԿ գրասենյակի ղեկավարը պարզաբանել է, որ այս հարցում դժվարությունը «համապարփակ և միջոլորտային մոտեցման անհրաժեշտությունն է՝ ներգրավելով ներկայացուցիչներ առողջապահության ոլորտից դուրս»: «Առողջ ապրելակերպ վարելը պահանջում է գիտակցված ընտրություն, իսկ դա առողջության նկատմամբ հանրային գրագիտություն է պահանջում: Դրա համար անհրաժշտ է բնակչության կրթական և իրազեկման ծրագրերի հասանելիություն կյանքի բոլոր փուլերում՝ մանկությունից, դպրոցական տարիքից սկսած և զառամյալ տարիքով վերջացրած», -նշել է Բերդիկլիչևը։

Նա հիշեցրել է, որ ԱՀԿ-ն մշակել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ամենաարդյունավետ և տնտեսապես շահավետ միջոցառումների համալիր։ «Այս ցանկը, միջոցառումների այս փաթեթը կառավարություններին և երկրներին հնարավորություն է տալիս ընտրել առավել համապատասխան միջոցները, հարմարեցնել դրանք և իրականացնել ազգային քաղաքականության միջոցով՝ բարելավելու համար իրենց քաղաքացիների առողջությունը»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։