Ես հանձնարարել եմ առողջապահության նախարարությանը արձանագրել, թե որ բժիշկները էլեկտրոնային դեղատոմսեր դուրս չեն գրում։ Այս մասին այսօր, մարտի 5–ին, Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի հարցին։

Թորոսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ էլեկտրոնային դեղատոմսի դուրս գրման հետ կապված խնդիրներ են առաջանում։

«Այն դեղերը, որոնք պացիենտները իրենք են գնում դեղատնից իրենց գումարով, այդ դեպքերում ըստ էության գրեթե դեղատոմս չի գրվում բժիշկների կողմից։ Հունվար ամսին դուրս է գրվել  ընդամենը 9400 դեղատոմս, հաշվի առնելով, որ մենք ունենք 14 000 բժիշկ։ Այսինքն, նույնիսկ մեկ բժիշկ մեկ դեղատոմս դուրս չի գրում։ Բայց պատասխանատվությունը կրում են դեղատները։ Ու մենք դեպք ունենք, որ 110 միլիոն դրամի տուգանք է դուրս գրվել մեկ դեղատնային ցանցի վրա՝ առանց դեղատոմսի վաճառքի համար։ Իհարկե, իրենք օրենքը ըստ էության խախտել են։ Բայց եթե մենք նույն տրամաբանությամբ գնանք, բոլոր դեղատները միլիարդավոր դրամների տուգանք կստանան և կփակվեն պարզապես։ Ես պարզապես խնդրում եմ, որ լուծումներ գտնենք», – ասաց Արսեն Թորոսյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեղատնային ցանցերի տնօրեններից մի քանի նամակ է ստացել, որոնք հասցեագրել է առողջապահության նախարարին և աշխատակազմի ղեկավարին, ինչից հետո կազմակերպվել են հանդիպումներ և քննարկումներ։   

«Ես ինչքան հասցրել եմ էդ հանդիպումների արձանագարություններին ծանոթանալ, պրոբլեմները ծագում են սովորութային էն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևով։ Ես հասկանում եմ, որ դեղատներն էլ կարող են ասել, որ մարդը դեղի կարիքով եկել է, բա ոնց չանենք։ Բայց երբ որ սրա շուրջ փորձ է արվում կոմֆորտ ձևավորել, դա էլ ընդունելի չէ։

Ես հանձնարարել եմ, որ Առողջապահության նախարարությունը պետք է արձանագրի, որ բժիշկներն են, որ այդպես են վարվում, ու իրենց խնդրենք, նորից խոսենք, նորից համոզենք, նորից խնդրենք, հինգ անգամ խնդրենք, 10-20-30-40–50, 100, 500, բայց 501–րդ անգամ պետք է միջոց ձեռնարկվի, հակառակ դեպքում երբեք որևէ իրավակարգ չենք ունենա, որովհետև միշտ բոլոր իրավակարգերը չեղարկելու տասնյակ պատճառներ կան», – ասաց Նիկոլ Փաշինյանը։