Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 2023թ. մոտ 10,3 միլիոն մարդ վարակվել է կարմրուկով, իսկ 107 500-ը՝ մահացել։ Նրանց մեծ մասը մինչեւ հինգ տարեկան երեխաներ են եղել կամ չպատվաստված մարդիկ։

Հիվանդությունը հատկապես տարածված է Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում, որտեղ եկամուտները ցածր են, իսկ բժշկական ծառայությունների հասանելիությունը՝ չափազանց դժվարացված, հայտնել է Euronrews-ը։

Այն վայրերում, որտեղ կարմրուկի համաճարակներ վաղուց չեն նկատվել, վիրուսը բերում են հիմնականում ճանապարհորդները։

2023թ. խոշոր բռնկումներ են նկատվել 57 երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ռուսաստանում, Եմենում եւ Իրաքում։ Ամենաշատ դեպքերը եղել են Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ)՝ 311 500։

ԱՀԿ տվյալներով՝ Եվրոպան, ինչպես աշխարհի մյուս մասերը, վերջին տարիներին կարմրուկի դեպքերի թվի «զգալի աճ» է արձանագրել:

2024թ. առաջին երեք ամիսներին դրանք գրանցվել են Եվրոպական տարածաշրջանի 53 երկրներից 45-ում՝ ընդհանուր առմամբ՝ 57 000 դեպք եւ չորս մահ:

Միեւնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում 2024թ. գրանցվել է կարմրուկի 2 911 դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2012-ից ի վեր։

Երեխաների պատվաստումների համաշխարհային մակարդակը վերջին տարիներին նվազել է մինչեւ 83 տոկոս՝ 2023թ.՝ 2019թ. 86 տոկոսի համեմատ, մասամբ՝ կապված համավարակի պատճառով իմունացման եւ առողջապահության սպասարկման խափանումների հետ:

ԱՀԿ գնահատմամբ՝ 2000-2023թթ. պատվաստումներն օգնել են կանխել ավելի քան 60 միլիոն մահ ամբողջ աշխարհում:

Մինչ պատվաստանյութի հասանելիությունը 1963թ., խոշոր համաճարակները տարեկան սպանել են մոտ 2,6 միլիոն մարդու:

Կարմրուկը խիստ վարակիչ եւ բարձր ինֆեկցիոն հիվանդություն է։ Իսկ համաճարակները կանխելու համար պահանջվում է 95 տոկոսանոց իմունիտետ, նշել են ԱՀԿ-ում։ Այսինքն՝ 10 մարդուց մոտ 9-ը կվարակվի, եթե չիմունացվի։