Ինչո՞ւ քրոնիկ սթրեսի հետ բախման դեպքում որոշ մարդկանց մոտ տագնապի և դեպրեսիայի ախտանիշներ են առաջանում, իսկ մյուսները դիմացկունություն են դրսևորում: Պատասխանի մի մասը կարող է լինել սպիտակուցը, որը գործում է որպես կանաբինոիդ ընկալիչ և առկա է արյունատար համակարգի և ուղեղի միջև կապը վերահսկող կառուցվածքում, ասվում է Nature Neuroscience ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

«Սպիտակուցը, որը կոչվում է 1 տիպի կանաբինոիդային ընկալիչ (CB1), արյունաուղեղային պատնեշի մի մասն է, դինամիկ կառուցվածք, որը պաշտպանում է ուղեղը՝ կարգավորելով արյունատար համակարգի և ուղեղի միջև մոլեկուլների անցումը», - բացատրում է հետազոտության ղեկավար, Լավալի համալսարանի բժշկության ֆակուլտետի պրոֆեսոր  Քերոլայն Մենարը, հայտնում է «Научная Россия» պորտալը:

«Քրոնիկ սոցիալական սթրեսի պայմաններում այս պատնեշի ամբողջականությունը խախտվում է, բորբոքում առաջացնող մոլեկուլները թափանցում են ուղեղ, և ի հայտ են գալիս տագնապի և դեպրեսիայի ախտանիշները»:

CB1 ընկալիչները մեծ քանակությամբ առկա են նեյրոններում, բայց դրանք կարող են հայտնաբերվել նաև աստրոցիտներում՝ աստղանման բջիջներում, որոնք ապահովում են ուղեղի արյունատար անոթների և նեյրոնների միջև կապը: «Աստրոցիտները պատնեշի կարևոր բաղադրիչն են: Մենք նկատեցինք, որ սթրեսադիմացկուն մկներն ավելի շատ CB1 ընկալիչներ ունեին պատնեշում, քան դեպրեսիվ վարք ունեցող մկները կամ կենդանիները, որոնք սթրեսի մեջ չէին: Սա մեզ ստիպեց ուսումնասիրել CB1 ընկալիչների դերը աստրոցիտներում՝ քրոնիկական սթրեսին արձագանքելու դեպքում»,- բացատրում է պրոֆեսոր Մենարը:

Հետազոտական ​​թիմը սկզբում մկների աստրոցիտներում CB1 ընկալիչների քանակի ավելացում առաջացրեց՝ ստեղծելով վիրուսային վեկտոր, որը պարունակում է CB1 ընկալիչը կոդավորող գենետիկ նյութ, ինչպես նաև մեխանիզմ, որը սահմանափակում է դրա արտահայտումը միայն աստրոցիտներում: Ներարկման ժամանակ այս վիրուսը բարձրացնում էր CB1 ընկալիչների մակարդակը մկների աստրոցիտներում, բայց ոչ նեյրոններում:

Այնուհետև այդ մկներին ենթարկեցին քրոնիկ սոցիալական սթրեսի: «Ամեն օր հինգ րոպեի ընթացքում նրանք անմիջական շփում էին ունենում գերիշխող արուի հետ: Մնացած ժամանակ վանդակում թափանցիկ միջնորմ էր դրվում։ Մկները կարող էին տեսնել իրենց վիրավորողին առանց որևէ ֆիզիկական փոխազդեցության, հետևաբար դա, ըստ էության, հոգեսոցիալական սթրես էր», - ասում է Մենարան:

Ներարկումներից երեք շաբաթ անց փորձարարական խմբի մկների աստրոցիտներում CB1 ընկալիչների մակարդակն ավելի քան կրկնապատկվեց: Այս մկների մոտ նվազեց տագնապի ելակետային մակարդակը, որը նկատվում է սթրեսի բացակայության դեպքում, ինչպես նաև մեղմացան սոցիալական սթրեսից առաջացած տագնապի և դեպրեսիայի ախտանիշները: «CB1 ընկալիչների գերարտահայտումը հանգեցնում է կայունության՝ նպաստելով ուղեղի անոթների առողջությանը», - ամփոփում է հետազոտողը:

Թիմի իրականացրած մյուս փորձերը պարզել են, որ մկների մոտ, որոնց հասանելի է եղել վարժությունների անիվը կամ կենդանիների մոտ, որոնք  հակադեպրեսանտներ են ստացել, նույնպես աստրոցիտներում CB1 ընկալիչների ավելի բարձր մակարդակ է նկատվել:

Բացի այդ, Մոնրեալում գտնվող Կանադայի Douglas-Bell Brain Bank-ից մարդու ուղեղի ուսումնասիրությունը հաստատել է CB1 ընկալիչների և դեպրեսիվ ախտանիշների միջև կապը: «Մենք հայտնաբերեցինք, որ դեպրեսիայով տառապող մարդկանց աստրոցիտներում CB1 ընկալիչների մակարդակը մահվան պահին ավելի ցածր էր, քան դեպրեսիա չունեցող կամ հակադեպրեսանտներով բուժվող մարդկանց մոտ», - ասում է Քերոլայն Մենարը:

Այս արդյունքները ենթադրում են, որ կարելի է  աստրոցիտներում  CB1 ընկալիչներն ակտիվացնող մոլեկուլներն օգտագործմել  տագնապի և դեպրեսիայի  ախտանիշները  նվազեցնելու և սթրեսին դիմակայությունը բարձրացնելու համար։ «Սակայն խնդիրը դրանց գործողությունը աստրոցիտներով սահմանափակելն է, քանի որ նեյրոններում նույն ընկալիչների ուժեղ և երկարատև ակտիվացումը կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ ազդել զգոնության, անհանգիստ վիճակի և ախորժակի վրա: Քանի դեռ չենք գտել այն մոլեկուլը, որը հատուկ թիրախավորում է CB1 ընկալիչները աստրոցիտներում, մենք կարող ենք մեղմել սթրեսի բացասական հետևանքները՝ օգտվելով ֆիզիկական ակտիվության պաշտպանիչ ազդեցությունից», - եզրակացրել են հետազոտողները: