Չինաստանի առաջատար համալսարանների գիտնականների թիմը հայտնաբերել է 125 տարբեր վիրուսներ՝ կենդանիներից մարդկանց փոխանցման մեծ հավանականությամբ: Դրանցից 36-ը նախկինում անհայտ է եղել գիտությանը: Այս մասին հայտնել է South China Morning Post (SCMP) պարբերականը։
Վիրուսաբաններն ուսումնասիրել են գյուղատնտեսական կենդանիների 28 տեսակներ, որոնք սատկել են հիվանդություններից։ Բացարձակ թվերով հետազոտվել է 461 առանձնյակի օրգանիզմ։ Նրանց մարմիններում հայտնաբերվել է 125 վիրուս, այդ թվում՝ նախկինում անհայտ 36 վիրուս։
Հայտնաբերված 125 վիրուսներից 39-ը, ըստ գիտնականների, մեծ հավանականություն ունի փոխանցվելու ինչպես կենդանիներին, այնպես էլ մարդկանց: Դրանցից 11-ը նախկինում հայտնաբերվել է մարդկանց մոտ։ Հետազոտողներին հատկապես անհանգստացրել են ջրաքիսների եւ ջրարջատիպ շների օրգանիզմում հայտնաբերված պաթոգենները: Գիտնականները նշել են, որ այլ կենդանիների դրանց փոխանցման հավանականությունն աճում է բուծման ինտենսիվ պայմաններում:
Բացահայտումներից է HKU5 կորոնավիրուսը, որը չղջիկներից անցել է ջրաքիսներին ֆերմայում, որտեղ նախկինում գրանցվել էր թոքաբորբի բռնկում, ինչպես նաեւ նուտրիայի կորոնավիրուսի առաջին դեպքը: Որոշ կենդանիների մարմիններում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ՝ «ճագարային», ինչպես նաեւ այդ տեսակի մի քանի այլ վիրուսներ։






