Աշխարհում բազմաթիվ հետաքրքիր թանգարաններ կան, որոնք մեծ կարեւորություն ունեն բժշկության պատմության մեջ։ NEWS.am Medicine-ը որոշել է ներկայացնել դրանից մի քանիսը։
Բժշկության պատմության գերմանական թանգարան
Բավարիայի Ինգոլշտադ քաղաքում գտնվում է Բժշկության պատմության գերմանական թանգարանը, որտեղ կարելի է կարեւոր ցուցանմուշներ տեսնել, որոնք ներկայացնում են բժշկության պատմությունը սկզբից մինչեւ մեր օրերը։ Օրինակ՝ վիրահատական գործիքներ, անատոմիական պիտույքներ, կմախքներ եւ այլն։ Թանգարանում նաեւ տեղադրված է «Տեգերնզեի հսկա» Թոմաս Հասլերի կմախքը, որի բարձրությունը կազմում է 2.35 մ, իսկ քաշը՝ 155կգ։ Այստեղ անգամ հատուկ բաժիններ կան կույր այցելուների համար։
Թանգարանը գտնվում է Ինգոլշտադ համալսարանի բժշկական ֆակուլտետի հին շենքում՝ կառուցված 1723-1736թթ։
Մյութերի թանգարան
Մյութերի՝ բժշկության պատմության թանգարանը գտնվում է Ֆիլադելֆիայում, որտեղ ցուցադրված են բժշկական հնագույն սարքեր, կենսաբանական ցուցանմուշներ եւ բժշկական պաթոլոգիաների նմուշներ։ Այս թանգարանը հայտնի է իր մեծաքանակ գանգերով, պահածոյացված օրգաններով, 12,5սմ երկարություն ունեցող մարդկային աղիքներով եւ հողի տակ օճառ դարձած կնոջ դիակով։
Թանգարանը հիմնադրվել է 1858թ-ին եւ գտնվում է Ֆիլադելֆիայի բժիշկների քոլեջի շենքում (College of Physicians of Philadelphia):
Ուկրաինայի բժշկության ազգային թանգարան
Կիեւի համալսարանի բժշկական ֆակուլտետի նախկին անատոմիական թատրոնի շենքում (XIX դար) գտնվում է Ուկրաինայի բժշկության ազգային թանգարանը, որտեղ կարելի է տեսնել Ուկրաինայի տարածքում բժշկության զարգացման պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Թանգարանում կան յուրօրինակ լուսանկարներ, գրքեր, գործիքներ, անատոմիական պատրաստուկներ, հայտնի բժիշկների անձնական իրեր, դեղահաբեր եւ ալն։
Թանգարանը հիմնադրվել է 1973թ-ին։

Պաուլա Ստրադինայի անվան բժշկության պատմության թանգարան
Լատվիայի մայրաքաղաքում՝ Ռիգայում, գտնվում է Պաուլա Ստրադինայի անվան բժշկության պատմության թանգարանը, որի ցուցանմուշները ներկայացնում են Լատվիայի պատմության զարգացումը հնագույն ժամանակներից ի վեր։
Թանգարանը հիմնադրվել է հոկտեմբերի 1-ին, այստեղ հիմնականում ցուցադրված են պրոֆեսոր Պաուլա Ստրադինայի կողմից նվիրաբերված (1896—1958) ցուցանմուշները։ Այստեղ կարելի է տեսնել բժշկական մի շարք հարմարություններ, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների ժամանակ, հնագույն մարդկանց գանգեր եւ ոսկորներ՝ մի շարք հիվանդությունների հետքերով։ Թանգարանում ներկայացված են նաեւ հնագույն մոգական բժշկության մի շարք նմուշներ՝ հմայիլներ, թալիսմաններ եւ նման մի շարք իրեր, որոնք օգտագործվել են շամանների եւ հեքիմների կողմից։
Նշենք, որ այսպիսի հետաքրքիր թանգարան կարող է լինել նաեւ Երեւանում. թանգարանի համար անհրաժեշտ ցուցանմուշները կան, բայց հատկացված տարածք չկա՝ այդ նմուշները ցուցադրելու համար։







