Եվրոպական տարածաշրջանում կարմրուկի դեպքերի թիվն անցյալ տարի կրկնապատկվել է՝ հասնելով վերջին 25 տարիների ամենաբարձր ցուցանիշին, նշել են առողջապահության ոլորտի պաշտոնյաները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի համատեղ զեկույցում նշվել է, որ մինչեւ հինգ տարեկան երեխաները կազմում են Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում գրանցված դեպքերի ավելի քան 40 տոկոսը:

«Կարմրուկը վերադարձել է, եւ սա տագնապալի նշան է»,- ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Անրի Կլյուգեն: «Առանց պատվաստումների բարձր մակարդակի հնարավոր չէ ապահովել առողջության անվտանգությունը»։

MMR պատվաստանյութը, որը մարդկանց պատվաստվում է կարմրուկի, պարոտիտի եւ կարմրախտի դեմ, 97 տոկոսով արդյունավետ է վտանգավոր վիրուսի դեմ։

Կարմրուկը շատ վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հազի եւ փռշտոցի միջոցով։

Ընդհանուր ախտանիշներն են.

բարձր ջերմությունը,

հիվանդ, կարմիր եւ արցունքոտ աչքերը,

հազը,

փռշտոցը։

Կարմրուկի վիրուսը կարող է հանգեցնել թոքաբորբի, ուղեղի այտուցի եւ մահվան։

ԱՀԿ-ի եւ ՅՈւՆԻՍԵՖ-ի համատեղ վերլուծությունում, որն ընդգրկում է 53 երկիր, նշվել է, որ 2024թ. եվրոպական տարածաշրջանում գրանցվել է կարմրուկի 127 350 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1997-ից ի վեր:

Մինչեւ 2025թ. մարտի 6-ը գրանցվել է մահվան 38 դեպք։

Նրանց խոսքով՝ կարմրուկի դեպքերի թիվը նվազել է 1997-ից ի վեր, սակայն միտումը փոխվել է 2018-19թթ., եւ դեպքերի թիվը զգալիորեն աճել է 2023-24թթ. Covid-19 համավարակի ժամանակ իմունիզացիայի հետընթացից հետո»

«Շատ երկրներում պատվաստումների մակարդակը դեռ չի վերադարձել նախահամավարակային մակարդակին՝ մեծացնելով բռնկումների վտանգը»,- զգուշացրել են նրանք։

Եվրոպական տարածաշրջանին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում կարմրուկի դեպքերի մեկ երրորդը 2024թ., նշվել է համատեղ վերլուծությունում։ Այս տարածաշրջանում ամենաշատ դեպքերը գրանցվել են Ռումինիայում՝ 30 692, որին հաջորդում է Ղազախստանը՝ 28 147 դեպք։

ԱՀԿ/ՅՈւՆԻՍԵՖ հայտարարությունում եզրակացություն է արվել, որ կարմրուկը շարունակում է մնալ «զգալի գլոբալ սպառնալիք», եւ կոչ է արվել երկրների (որոնցում նկատվել են հիվանդության դեպքեր) կառավարություններին արագ գործողություններ ձեռնարկել, իսկ նրանց, որտեղ վիրուսը դեռ չի հայտնվել, պատրաստ լինել գործողությունների: