Չինացի բժիշկները գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամը հաջողությամբ փոխպատվաստել են ուրեմիայից տառապող խնամյալի: Վիրահատությունն իրականացրել են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմաօդային ուժերի բժշկական համալսարանի «Սիծինգ» հիվանդանոցի բժիշկները։
«Միջտեսակային փոխպատվաստումը կարող է առանցքային միջոց լինել օրգանների պակասի խնդիրը լուծելու և շատ հիվանդների նոր հույսեր հաղորդելու համար»,-ըստ Xinhua գործակալության՝ հայտարարել է գիտնականների թիմի ղեկավար Դոու Կեֆենգը։
Փոխպատվատվողը վերջին փուլի երիկամային անբավարարությամբ ախտորոշված 69-ամյա մի կին էր: Արյան հոսքը վերականգնելուց հետո փոխպատվաստված երիկամը սկսել է մեզ արտադրել: Շիճուկի կրեատինինի մակարդակը, որը երիկամների գործառույթը գնահատելու հիմնական կենսաքիմիական մարկերն է, արդեն երրորդ օրն իջել է սահմանված աստիճանի, ինչը վկայում է վիրահատության սկզբնական հաջողությունը: Միևնույն ժամանակ, բժիշկները խոստովանում են, որ հիվանդը կարող է բախվել մի շարք խնդիրների, մասնավորապես՝ իմունային անբավարարության, արյան մակարդման խանգարումների և պաթոգենների հետևանքով առաջացած վարակների։
Չինաստանում երիկամների խրոնիկական հիվանդությունից տառապում է շուրջ 130 միլիոն մարդ։
Ներկա դրությամբ գրանցվել է խոզից մարդու երիկամի փոխպատվաստման առնվազն չորս փաստագրված դեպք, որոնք բոլորն էլ տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում: 2024 թվականի նոյեմբերին խոզի երիկամի փոխպատվաստում ստացած խնամյալը առ այսօր ամենաերկարակյաց խնամյալն է:
2024 թվականին չինացի գիտնականները հաջողությամբ փոխպատվաստել են գեներով ձևափոխված խոզի երիկամը մակակի մեջ: Կապիկի օրգանզիմը 184 օր չի մերժել փոխպատվաստումը։ Միաժամանակ 2024 թվականին Չինաստանում լյարդի անբավարարությունից տառապող խնամյալի բուժումն ընդօրինակելու նպատակով գենետիկորեն ձափոխված խոզի լյարդը հաջողությամբ փոխպատվաստվել է մարդուն, որի ուղեղը մահացել էր:






