Երեխաների գիտահետազոտական ​​ինստիտուտի (Ավստրալիա) գիտնականները բացահայտել են, որ բջիջները կարող են պաշտպանվել քաղցկեղից տելոմերների՝ քրոմոսոմների հատվածներում գտնվող պաշտպանիչ «թասակների» օգնությամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications բժշկագիտական  հանդեսում։

Տելոմերները քրոմոսոմների հատվածներն են, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ն բջիջների բաժանման ժամանակ։ Տարիքի հետ տելոմերների երկարությունը նվազում է, ինչի հետևանքով բջիջները դադարում են բաժանվել: Այդ փոփոխությունը որպես կենսաբանական ծերացման սկզբի կարևոր մարկեր է ծառայում:

Ավստրալացի գիտնականները Կիոտոյի համալսարանի գործընկերների հետ ուսումնասիրել են տելոմերների դերը քաղցկեղի դեմ պայքարում։ Ինչպես պարզվում է, տելոմերները շատ ավելի ակտիվ են, քան ավելի վաղ ենթադրվում էր։ Նրանք կարող են սուր արձագանքել սթրեսին և «բացվել»՝ առաջացնելով բջջային արձագանքներ, որոնք նման են ծերացմանը՝ քաղցկեղը կանխելու համար:

Այս պաշտպանական մեխանիզմը դադարեցնում է բջջային ցիկլը, ինչը կանխում է գոյություն ունեցող ուռուցքային բջիջների հետագա բաժանումն ու զարգացումը։ Գիտնականների կարծիքով՝ ապագայում այս հայտնագործությունը կարող է նպաստել քաղցկեղի կանխարգելման ու բուժման նոր ռազմավարությունների մշակմանը։