Տոկիոյում հոսպիտալացված տղամարդու մոտ Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված լինելու կասկածը հաստատում չի գտել: Բժշկական հետազոտությամբ նրա օրգանիզմում վիրուսի առկայություն չի արձանագրվել, թեեւ, ինչպես ճապոնական Կիոդո գործակալությանը վկայակոչմամբ ՏԱՍՍ-ն է հաղորդում, անվտանգության նկատառումներից ելնելով հիվանդը դեռեւս երեք օր էլ բուժհաստատության հսկողության տակ կպահվի:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Տոկիոյում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման կասկածով հոսպիտալացման առաջին դեպքն էր գրանցվել: Խոսքը 45-ամյա կանադացու մասին է, ով Ճապոնայի մայրաքաղաքում գործող Հանեդա օդանավակայան ժամանելուն պես, համաձայն երկրում գործող՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներով ճամփորդությունների մասին պարտադիր հիշատակում ենթադրող կանոնակարգի, նշել էր, որ մինչ հոկտեմբերի 18-ը լրագրողի կարգավիճակով շուրջ երկու ամիս Լիբերիայում է անցկացրել: Կարանտինային կետում իրականացվող պարտադիր ստուգման արդյունքում էլ պարզվել էր, որ ուղեւորը բարձր ջերմություն (37,8 աստիճան) ունի. կարճ ժամանակ անց արտակարգ պայմաններում հոսպիտալացում էր կազմակերպվել:
Ճապոնիայում մինչ այժմ հիվանդությամբ վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, հեմոռագիկ տենդի ընթացիկ համաճարակի զոհերի թիվը 4900-ի է հասնում, վարակվածներինը՝ ավելի քան 10 հազարի:






