Ծնողները եւ խնամակալները պետք է խուսափեն երեխաներին քնեցնելու համար շշով կերակրելուց, նշել են մասնագետներն այն բանից հետո, երբ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պրակտիկան կապված է ատամների կարիեսի եւ ավելորդ քաշի առաջացման հետ վաղ տարիքում:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Australian and New Zealand Journal of Public Health պարբերականում, իրականացվել է Սիդնեյի համալսարանի կողմից՝ օգտագործելով ավելի քան 700 նորածինների տվյալները, որոնք մասնակցել են Western Sydney University's Healthy Kids Study (HSHK) կոհորտային հետազոտությանը, որը հետեւել է երեխաներին ծնվելու պահից:
Գիտնականները վերլուծել են մայրերի հարցումների, ինչպես նաեւ ատամնաբուժական հետազոտությունների եւ մարմնի չափումների արդյունքները եւ ուսումնասիրել են այլ գործոններ, որոնք կարող են ազդել բերանի հիգիենայի եւ քաշի վրա:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ.
երկու տարեկան երեխաների ավելի քան 30 տոկոսը դեռ գտնվել է քնելուց առաջ արհեստական կերակրման փուլում,
երեխաները, որոնց կերակրել են շշով քնելուց առաջ երկու տարեկանում, գրեթե երկու անգամ ավելի հաճախ են ունեցել ավելորդ քաշ վաղ տարիքում,
երեխաները, որոնց կերակրել են շշով քնելուց առաջ երեք տարեկանում, գրեթե երկու անգամ ավելի շատ են կարիեսով ախտահարված ատամներ ունեցել վաղ տարիքում։
Մանուկների սովորական ըմպելիքները, ներառյալ կովի կաթը եւ կաթնախառնուրդները, հաճախ պարունակում են բնական կամ ավելացված շաքար, ինչը մեծացնում է ատամների քայքայման վտանգը: Երբ քնելուց առաջ շիշ են առաջարկում, ծնողները հաճախ օգտագործում են այն՝ անհանգիստ երեխային հանգստացնելու կամ խրախուսելու համար, որ նա քնի: Քանի որ շիշը չի առաջարկվում ի պատասխան քաղցի զգացողության, դա կարող է հանգեցնել չափից ավելի կերակրման, ինչը երեխաներին ենթարկում է քաշի ավելացման վտանգին։






