ԱՄՆ-ում անցած տարի նորից շարունակվել է տուբերկուլյոզով հիվանդացության աճը՝ հասնելով ամենաբարձր մակարդակին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, տեղեկացրել է Associated Press-ը։
Անցած տարի գրանցվել է ավելի քան 10 300 դեպք, ինչն 8 տոկոսով ավելին է, քան 2023թ., եւ ամենաբարձր ցուցանիշն է 2011-ից ի վեր, վկայում են այս ամիս Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) հրապարակած տվյալները։
Ինչպես վարակվելու դեպքերի քանակը, այնպես էլ մակարդակն ավելացել են։ Ցուցանիշները մեծացել են բոլոր տարիքային խմբերում, եւ 34 նահանգ տեղեկացրել է դրանց ավելացման մասին։ CDC ներկայացուցիչները նշել են, որ դեպքերի աճը մեծ չափով պայմանավորված է միջազգային ճանապարհորդությամբ եւ միգրացիայով: ԱՄՆ-ում տուբերկուլյոզի դեպքերի ճնշող մեծամասնությունը ախտորոշվում է այլ երկրներում ծնված մարդկանց մոտ: Կարող են լինել նաեւ այլ հիվանդություններ, որոնք թուլացնում են իմունային համակարգը եւ թույլ են տալիս, որ առաջանան տուբերկուլյոզի վարակի թաքնված ձեւեր: Մի քանի նահանգներում բռնկումները նպաստել են տուբերկուլյոզի նոր միտումների առաջացմանը, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած բռնկումը Քանզաս Սիթիում (Քանզասի նահանգ):
CDC-ի նոր տվյալների համաձայն՝ Քանզասում տուբերկուլյոզի մակարդակն անցյալ տարի աճել է 148 տոկոսով: Ալյասկան եւ Հավայան կղզիները շարունակում են աչքի ընկնել դեպքերի ամենաբարձր ցուցանիշներով։
Տուբերկուլյոզն առաջանում է բակտերիայից, որը սովորաբար տարածվում է օդով եւ վարակում է թոքերը, երբ վարակված մարդը հազում էամ փռշտում է: Եթե պատշաճ կերպով բուժում չիրականացվի, հիվանդությունը կարող է հանգեցնել մահացու ելքի:
1800-ական թթ. վերջին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում յուրաքանչյուր յոթերորդ մարդ մահանում էր տուբերկուլյոզից: Սակայն հակաբիոտիկների զարգացումը եւ հանրային առողջության ջանքերը հնարավորություն տվեցին հաջողությամբ բուժել վարակները եւ բացահայտել նրանց, ովքեր վարակվել են դրանցով, ինչը հանգեցրեց հիվանդության դեպքերի նվազմանը տասնամյակներ շարունակ:
CDC-ի նոր վիճակագրական տվյալները վկայում են ոչ թե այն մասին, թե որքան մարդ է առաջին անգամ վարակվել, այլ այն մասին, թե քանի մարդկանց մոտ է առաջացել հազ կամ այլ ախտանշաններ, եւ արդյոք նրանց համար ախտորոշում կայացվել է։






