ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բուժական եւ շինարարական մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ տեխնիկական եւ կազմակերպական խնդիրներին, շինարարության ժամկետներին:
«Մանկական արյունաբանական ծառայությունը, մանկական ուռուցքաբանությունը մեր երկրի գերակա ուղղություններից են»,- ասաց Արմեն Մուրադյանը` հանձնարարելով նախարարության ներկայացուցիչներին պարբերաբար այցելել շինհրապարակ, հետեւել աշխատանքների պատշաճ որակի եւ ժամկետների ապահովմանը:
Երեւանի պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն արդիականացվում է, ինչպես նաեւ ոսկրածուծի եւ ցողունային բջիջների փոխպատվաստման եւ բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունք է ստեղծվում «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» եւ «Հիվանդությունների կանխարգելում եւ կառավարում» ծրագրի շրջանակում: Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցվող եռահարկ մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող ցողունային բջիջների պատրաստման եւ սառեցման լաբորատորիան, որը կբավարարի ISO եւ GMP չափորոշիչների պահանջներին: Ներկայումս կառուցվում է եռահարկ նոր մասնաշենքը եւ հիմնանորոգվում կենտրոնի յոթ հարկանի բուժական մասնաշենքը։ Արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 25%-ը: Ծրագրով նախատեսված է նաեւ բժշկական անձնակազմի կրթում` միջազգային եւ տեղի մասնագետների կողմից, ինչպես նաեւ բուժման ուղեցույցերի մշակում:
Հավելենք, որ ՀՀ-ում արյունաբանական եւ ուռուցքաբանական բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավման նպատակով միջազգային ցուցանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը 2014թ. ՀՀ կառավարության սահմանած գերակա ուղղություններից է:






