Չինաստանի Գուանսիի համալսարանի գիտնականները քաղցկեղի բջիջները խոզի բջիջների «քողարկման» միջոց են գտել՝ իմունային համակարգի կողմից դրանք ավելի արդյունավետ ոչնչացնելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell հանդեսում:

Եղանակը հիմնված է ուռուցքի մեջ հատուկ մոդիֆիկացված վիրուսի ներմուծման վրա, որը ստիպում է օրգանիզմին քաղցկեղային բջիջներն ընկալել որպես խոզի բջիջներ։

Այդ ազդեցությունը ձեռք է բերվում սպիտակուցի արտադրություն առաջացնող ևմերժման ռեակցիա հրահրող α1,3GT գենի շնորհիվ, որը նման է օրգանների փոխպատվաստման ժամանակ տեղի ունեցողին: Ի պատասխան՝ իմունային համակարգն ակնթարթորեն ճանաչում է բջիջները որպես օտար և սկսում է ակտիվորեն ոչնչացնել դրանք։

Եղանակի կլինիկական փորձարկումներին մասնակցել են ավանդական բուժմանը չարձագանքող քաղցկեղի ծանր ձևերից տառապող 23 բուժառու: Օգտագործելով մոդիֆիկացված վիրուսը՝ հնարավոր է դարձել կասեցնել ուռուցքի աճը հետազոտվողների 90%-ի օրգանիզմում։ Գիտնականները միաժամանակ պարզել են, որ եղանակն օգնում է հասնել արգանդի վզիկի քաղցկեղից տառապող բուժառուի լիակատար ռեմիսիայի: Վիրուսը ներարկվել է ներերակային եղանակով և գործել համակարգային՝ չվնասելով առողջ հյուսվածքը կամ լուրջ կողմնակի բարդություններ չառաջացնելով։

Հետազոտողների համոզմամբ՝ եղանակի արդյունավետությունը բացատրվում է ուռուցքը սնուցող անոթների քայքայմամբ, քաղցկեղի բջիջների զանգվածային մահով և օրգանիզմի ուժեղ իմունային պատասխանով։ Ներկայում նախատեսվում են 2-րդ փուլի կլինիկական փորձարկումներ՝ տեխնոլոգիայի հետագա հետազոտման նպատակով: