Նախկինում Հայաստանը եւ Ռուսաստանը առողջապահական ոլորտում լավ՝ երկու երկրներում բժշկության զարգացմանը նպաստող կապեր են ունեցել: Այսօր այդ կապերի վերականգնմանն ու նորացմանը միջազգային գիտաժողովներն են նպաստում: Տեսակետը կլինիկական հեմոսթազիոլոգիայի ռուսական գիտական ընկերակցության նախագահ Եվգենի Ռոյտմանն է հայտնել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում փորձագետն ընդգծել է, որ միջազգային գիտաժողովները չափազանց մեծ կարեւորություն ունեն՝ երկու երկրների առողջապահական համակարգերի համար, քանի որ մասնագետներին ողջ աշխարհի համար արդիական համարվող խնդիրները քննարկելու հնարավորություն են ընձեռում: Բացի այդ, գիտաժողովները նաեւ միջոց են՝ Հայաստանը եւ Ռուսաստանը ներկայացնող մասնագետների միջեւ շփումները վերականգնելու համար, ինչը ոչ միայն իրենց՝ մասնագետների, այլ նաեւ երկու երկրներում բնակվող հիվանդների համար է օգտակար:

«Հիվանդները բացարձակապես միանման են՝ լինեն նրանք Ռուսաստանում, Հայաստանում, թե որեւէ այլ երկրում», - նշել է Եվգենի Ռոյտմանը:

Հիշեցնենք, որ Ռուսական ընկերակցության նախագահը Երեւանի հեմատոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Հեմոսթազ. խնդիրներ եւ նվաճումներ» թեմայով գիտաժողովին (http://med.news.am/arm/news/3616/erevanum-meknarkel-e-hemostazi-harcerov-mijazgayin-gitazhoxovy-trombozneri-hamashkharhayin-orvan-yndaraj.html) մասնակցելու նպատակով էր Հայաստան ժամանել:

Երեւանում գրեթե ամիսը մեկ միջազգային բժշկական գիտաժողովներ են կազմակերպվում, եւ նույնիսկ ամենալոկալ բնույթի միջոցառումներին կարող են արտասահմանից ժամանած հանրահայտ հյուրեր ներկա գտնվել: Այս հանգամանքը, բազմաթիվ մասնագետների համոզմամբ, կարող է երկրում բժշկության զարգացմանը նպաստել: