ԱՄՆ առողջապահական մարմինները միզուղիների վարակների բուժման նոր հակաբիոտիկ են հաստատել: Միզուղիների վարակներից աշխարհում տառապում են ավելի քան 100 միլիոն մարդ, հիմնականում՝ կանայք, դրա մասին երեքշաբթի հայտնել է բրիտանական GSK դեղագործական հսկան:

Ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վերահսկման վարչությունը հավանություն է տվել 12 տարեկան և ավելի բարձր տարիքի կանանց և աղջիկների շրջանում Blujepa կոչվող արտադրանքի օգտագործմանը՝ այսպես կոչված, միզուղիների ոչ բարդ վարակների բուժման համար:

Դա հաբի տեսքով հակաբիոտիկների նոր դասի առաջին դեղամիջոցն է, որը բուժում է միզուղիների վարակները, նշել է GSK-ի գիտական գծով տնօրեն Թոնի Վուդը, որը FDA-ի հաստատումը «կարևոր հանգրվան» է անվանել:

Թեև կան այլ հակաբիոտիկներ այս վարակների բուժման համար, այս նոր դեղամիջոցը «բուժառուներին կտրամադրի բուժման մեկ այլ տարբերակ՝ հաշվի առնելով կրկնվող վարակները և առկա բուժումների նկատմամբ դիմադրողականության մակարդակը»,-ընդգծել է Վուդը:

Հակաբիոտիկների բազմակի օգտագործումը հանգեցրել է բակտերիաների առաջացմանը, որոնք գնալով ավելի դիմացկուն են դառնում, ինչն իրենց պատճառած վարակների բուժումն ավելի դժվար է դարձնում:

2019 թվականին հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միզուղիների վարակներ առաջացնող բակտերիաների 92%-ը դիմացկուն է առնվազն մեկ հակաբիոտիկի, իսկ 80%-ը՝ առնվազն երկուսի նկատմամբ, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։