Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների իրականացրած նոր հետազոտության համաձայն՝ սեռական հասունացման եւ դաշտանադադարի միջեւ ընկած ժամանակահատվածում կանայք ունենում են իմունային բջիջների աճ, որոնք կարող են կապված լինել սեռական հորմոնի՝ էստրոգենի հետ եւ կարող են բացատրել, թե ինչու են նրանք ավելի քիչ ենթակա որոշ վարակիչ հիվանդությունների, քան տղամարդիկ:
Հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Experimental Medicine-ում, առաջիններից մեկն է, որն ուսումնասիրում է, թե ինչպես են սեռական քրոմոսոմներն ու սեռական հորմոնները միավորվում՝ տարբեր տարիքի եւ սեռի առողջ մարդկանց իմունային համակարգի վրա ազդելու հարցում:
Դոկտոր Էլիզաբեթ Ռոսսերը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռիական համալսարանի բժշկական դպրոցից եւ նույն համալսարանի դեռահասների ռեւմատոլոգիայի կենտրոնի հետազոտության ավագ հեղինակը, նշել է, որ սեռը եւ սեքսուալությունը հաճախ անտեսվում են բժշկական հետազոտություններում, չնայած այն փաստին, որ շատ կանայք սովորաբար ավելի «ուժեղ» իմունային պատասխան են տալիս վարակներին, ինչպիսին է COVID-19-ը, քան տղամարդիկ, միեւնույն ժամանակ նրանք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում աուտոիմուն հիվանդությունների առաջացման հարցում, ինչպիսին են գայլախտը եւ ռեւմատոիդ արթրիտը:
«Ենթադրվում է, որ առաջնային սեռական հորմոնները՝ էստրոգենը կանանց մոտ եւ տեստոստերոնը տղամարդկանց մոտ, դեր են խաղում այս տարբերությունների մեջ, ինչպես եւ սեռական քրոմոսոմները (XX՝ իգական սեռի եւ XY՝ արական սեռի մոտ)»,- նշել է գիտնականը։
Ուսումնասիրելու համար, թե ինչպես են հորմոնները եւ սեռն ազդում 31 տարբեր տեսակի իմունային բջիջների արտադրության վրա, թիմը վերլուծել է 6-84 տարեկան 283 մարդու արյան նմուշները: Նրանցից 203-ը կանայք եւ տղամարդիկ են եղել, այդ թվում՝ հետդաշտանադադարի փուլում գտնվող կանայք, որոնք ստացել են հորմոնալ փոխարինող թերապիա (ՀՓԹ):
Արդյունքները ցույց են տվել, որ կանայք (ըստ XX քրոմոսոմի) ունեն արյան հատուկ սպիտակ բջիջների ավելի բարձր մակարդակ, որը հայտնի է որպես դասի փոխարկված հիշողության B-բջիջ, քան տղամարդիկ (ըստ XY քրոմոսոմի): Հիշողության B-բջիջները, որոնք իմունային համակարգի հիմնական բաղադրիչն են, անցել են գործընթաց, որը հայտնի է որպես «դասափոխում», ինչը նրանց դարձնում է շատ արդյունավետ այն վարակների դեմ պայքարելու համար, որոնց օրգանիզմը նախկինում բախվել է:
Բայց այդ «հատուկ մարզված» B-բջիջները կարող են նաեւ հանգեցնել ավելի ծանր ախտանիշների, եթե մարդն ունի աուտոիմուն հիվանդություն, որի դեպքում մարդու իմունային համակարգը հարձակվում է սեփական առողջ հյուսվածքի վրա:
Կարեւոր է նշել, որ հետազոտողները պարզել են, որ այս սեռային տարբերությունները նկատվել են միայն այն մարդկանց միջեւ, որոնք հասել են սեռահասունացման, բայց դեռ չեն մտել դաշտանադադարի փուլ (կանանց դեպքում):






