Հոր մահվանից հետո Մարլի Գարնրայթերը տառապում էր գիշերային մշտական քրտնարտադրությամբ, քորով եւ հյուծվածությամբ: Սկզբում նա իր ախտանիշները վերագրում էր վշտին եւ անհանգստությանը: Սակայն ախտանշանները չեն անհետացել նաեւ հետագայում, եւ երբ Մարլին սկսել է նիհարել, կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, գրել է Bild-ը։
Նա իր ախտանիշները մտցրել է ChatGPT-ում, եւ ԱԲ-ն նրան սարսափելի պատասխան է տվել՝ ամենայն հավանականությամբ դա արյան քաղցկեղ էր: «Ես թերահավատ էի եւ ուշադրություն չէի դարձնում այս ենթադրությանը: Կարծում էի, որ դա չի կարող ճիշտ լինել: Դա ուղղակի վշտից էր»,- նշել է ֆրանսուհին: Ավելի ուշ ի հայտ են եկել նոր ախտանշաններ՝ մշտական հոգնածության զգացում եւ կրծքավանդակում ճնշման աճ։ Երբ Մարլին վերջապես գնացել է բժշկի, նրա մոտ ախտորոշվել է կասկածելի զանգված ձախ թոքում: Ախտորոշումը եղել է Հոջկինի լիմֆոմա՝ արյան քաղցկեղի տեսակ։
«Ես միանգամայն ցնցված էի, երբեք չէի մտածի, որ դա իսկապես քաղցկեղ է»,- ասել է աղջիկը: Նա այժմ քիմիաթերապիա է անցնում։ Մարլիի պատմությունը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է չանտեսել հիվանդության հնարավոր ախտանիշները: «Լսեք ձեր օրգանիզմին, երբ այն ձեզ ինչ-որ բան է ասում»,- խորհուրդ է տվել Մարլին բոլորին, ովքեր ունեն նմանատիպ ախտանիշներ: Ֆրանսուհին հորդորել է ցանկացած հիվանդության վաղ փուլերում դիմել բժշկի եւ չդանդաղել, նույնիսկ եթե դրա ախտանիշները սկզբում անվնաս են թվում։






