Գիտնականների միջազգային խումբ ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից պարզել է, որ քաշն իջեցնող սեմագլուտիդ հաբերը (Օզեմպիկ եւ նրա անալոգները) նվազեցնում են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող պացիենտների մոտ սիրտ-անոթային լուրջ խախտումների հավանականությունը։ Հետազոտությունը հրապարակվել է New England Journal of Medicine (NEJM) գիտական պարբերականում։

Թիմն ուսումնասիրել է  2-րդ տեսակի դիաբետ, աթերոսկլերոզ եւ/կամ երիկամների քրոնիկական հիվանդություն ունեցող 9 650 պացիենտների տվյալները։

Ամեն օր 14 միլիգրամ սեմագլուտիդ խմելն իջեցրել է ինֆարկտների, ինսուլտների եւ սրտային այլ բարդությունների հավանականությունը 14 տոկոսով։ Ամենամեծ էֆեկտը նկատվել է միոկարդի ինֆարկտների հաճախակիության նվազման հարցում։

Արդյունքները համապատասխանում են դեղամիջոցի ներարկումային ձեւի տվյալներին, բայց խմելու տարբերակն ավելի հարմար է պացիենտների համար։

2-րդ տեսակի դիաբետը զգալիորեն բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը հիպերգլիկեմիայի, հիպերտոնիայի եւ դիսլիպիդեմիայի պատճառով։ Մինչ այժմ սեմագլուտիդի ազդեցության հիմնական ձեւը համարվում էր ներարկումը, բայց այժմ հաբերը նոր հնարավորություններ են բացում թերապիայի համար։

Հաբերի տեսքով սեմագլուտիդը կարող է դառնալ նոր չափորոշիչ 2-րդ տեսակի դիաբետի համալիր թերապիայի եւ դրա բարդությունների կանխման հարցում։