Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պրոֆեսոր Գեորգիոս Կոլիակոսը այսօր հայ մասնագետների համար «Ոչ սաղմնային ցողունային բջիջ՝ առաջադեմ հնարավորություն նոր բուժական նյութեր ստեղծելու համար» թեմայով դասախոսություն է կարդացել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսոր Գեորգիոս Կոլիակոսը պատմել է, որ իր դասախոսության հիմնական թեման այն ցողունային բջիջներն են, որոնք ստանում են ոչ թե սաղմից, այլեւ, օրինակ, երեխայի պորտալարային արյունից կամ մեծահասակ մարդու արյունից: Այս բջիջները կարող են օգտագործվել ոչ միայն արյունաբանական հիվանդություններ բուժելիս, այլեւ շատ այլ հիվանդությունների ժամանակ. օրինակ, դրանց օգնությամբ հնարավոր է բուժել ոսկրերի կոտրվածքները, ինֆարկտները, լյարդի մի շարք հիվանդություններ եւ այլն:

Բժշկության այս ուղղությունը շատ հեռանկարային է, բավական արագ է զարգանում ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում, եւ տարիներ անց ցողունային բջիջների շնորհիվ էֆեկտիվորեն բուժվող հիվանդությունների ցանկը էլ ավելի է ընդլայնվելու:

Իր դասախոսության ընթացքում պրոֆեսոր Գեորգիոս Կոլիակոսը ներկայացրել է նաեւ այս ոլորտը կարգավորող Եվրամիության նորմերն ու կանոնակարգերը, իսկ հայաստանցի մասնագետների հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղիները: