Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ մշակված պատվաստանյութի առաջին կլինիկական փարձարկումներն այս շաբաթ՝ Շվեյցարիայի Լոզան քաղաքում են մեկնարկելու: Տեղեկությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է տարածել:
Ինչպես եւ անկնալվում էր, փորձարկումներն, ԱՀԿ-ի վերահսկողությամբ, Լոզանի համալսարանական հոսպիտալում՝ 120 կամավորների նկատմամբ են իրականացվելու: Համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, առաջիկայում մեկնարկելիք փուլի առաջին արդյունքներն, ամենայն հավանականությամբ, նախքան դեկտեմբեր ամսվա մեկնարկը պատրաստ կլինեն:
Ինչպես ԱՀԿ-ից են մեկնաբանել, «պատվաստանյութի մշակման հիմքում շիմպանզեի գենետիկորեն մոդիֆիկացված ադենովիրուսը՝ ChAd-Ebola-ն կամ chAD3-ZEBOV-ն է: Առաջիկա փորձարկումների ընթացքում դրա անվտանգությունն ու իմունային արձագանք խթանելու կարողությունն է գնահատվելու»:
Էբոլայի դեմ մշակված առավել հեռանկարային եւս մեկ՝ վազեկուլյար ստոմատիտի վիրուսի՝ rVSV-ZEBOV-ի վրա հիմնված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Ժնեւի հոսպիտալում են իրականացվելու:
«Եթե պատվաստանյութերից որեւէ մեկին հաջողվի համարժեք անվտանգություն եւ արդյունավետություն դրսեւորել, արդեն իսկ գալիք տարվա առաջին եռամսյակի ընթացքում դրա՝ տենդից առավել տուժած երկրներում լայն կիրառման նպատակով միլիոնավոր չափաբաժիններով արտադրության մեկնարկը կարող է տրվել», - հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի առողջապահական նորարարությունների եւ համակարգերի հարցերով օգնական Մարի-Պոլ Կինին:






