Խորհրդային Միության՝ 1991թ.-ին տեղի ունեցած փլուզումից հետո դրա բեկորներից ձեւավորված երկրներն ի սկզբանե մի շարք դժվարությունների, մասնավորապես՝ առողջապահական ոլորտում կազմակերպչական, ֆինանսավորման եւ ծառայությունների մատուցման համակարգերի վերակառուցման անհրաժեշտությանն էին բախվել: Ավելի քան երկու տասնամյակ անց՝ «Նախկին Խորհրդային Միության երկրների առողջապահական համակարգերի զարգացման տենդենցները» խորագրով լույս տեսած գիրքը 12 հետխորհրդային երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ուկրաինա) առողջապահական համակարգերի բարենորոգման ոլորտում արձանագրված առաջընթացի վերլուծման փորձ է ներկայացնում:
Առողջապահական համակարգերի եւ քաղաքականության եվրոպական օբսերվատորիայի կողմից հրապարակվող՝ առողջապահական համակարգերի վերաբերյալ ակնարկներում («Առողջապահական համակարգեր. փոփոխությունների ժամանակը» ակնարկների շարք) ներառված տեղեկությունների վրա հիմնվելով, հրատարակման հեղինակները՝ Բերնդտ Ռեյչելը, Էրիկա Ռիչարդսոնը եւ Մարտին ՄաքՔին առողջապահական համակարգերի միջազգային համեմատության առավելություններն են վեր հանում եւ, երբեմն միմյանցից տրամագծորեն տարբերվող զարգացման ուղիները նկարագրելով, կոնկրետ ընտրության հետեւանքները գնահատում:
Փորձագետների վկայությամբ, գիրքը կարող է կարեւոր ռեսուրս դառնալ՝ այն մարդկանց համար, որոնք ինչպես հետխորհրդային երկրներում, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգերով եւ քաղաքականությամբ են հետաքրքրվում: Այն հատկապես օգտակար կարող է լինել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ նախկին Խորհրդային Միության երկրներում առկա պետական իշխանության մարմինները ներկայացնող եւ նրանց խորհրդատվություն տրամադրող մասնագետների, ինչպես նաեւ տարածաշրջանում գործունեություն ծավալող միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, առողջապահական համակարգերի եւ քաղաքականության ուսումնասիրությամբ զբաղվողների համար:
Զարգացող երկրների քաղաքացիներին գիրքը 28 շվեյցարական ֆրանկով է վաճառվում: Պատվերի համարը՝ 13400149:






