Հոնկոնգի (Սյանգան) իշխանությունները անուշաբույր ծխախոտի և ծխախոտի այլ ապրանքների ներմուծման և վաճառքի ամբողջական արգելքի մասին որոշում են նախապատրաստում։
South China Morning Post պարբերականը, վկայակոչելով Չինաստանի հատուկ վարչական շրջանի վարչակազմի աղբյուրին, հայտնել է, որ արգելքը սկզբնական շրջանում կտարածվի բոլոր տեսակի բուրահաղորդիչ հավելումների վրա, բացառությամբ մենթոլի:
Ըստ պարբերականի՝ առաջին հերթին կսահմանափակվի մրգային համով ծխախոտի արտադրանքի վաճառքը։ Որոշումը փորձնական հիմունքներով ուժի մեջ կմտնի 2025 թվականի կեսից, իսկ ամբողջական արգելքը նախատեսվում է մտցնել 2026 կամ 2027 թվականներին: Արգելքի վերաբերյալ որոշոմը կարող է պաշտոնապես հրապարակվել արդեն ապրիլին:
Միաժամանակ սպասվում է մենթոլի համով ծխախոտի արգելք, սակայն ավելի ուշ, նշել է պարբերականի աղբյուրը։ Աղբյուրը հավելել է, որ սահմանափակումները կմտցվեն աստիճանաբար, քանի որ քաղաքում մտահոգված են արգելքի ենթակա ծխախոտային արտադրանքի մաքսանենգության հնարավոր աճով։ Իշխանությունները նախատեսում են արգելել նաև ծխելը շենքերի, մասնավորապես՝ դպրոցների և հիվանդանոցների մուտքից 10 ոտնաչափ (մոտ 3 մ) հեռավորության վրա:
Հոնկոնգը հետևողական պայքար է մղում ծխախոտի օգտագործման դեմ: Առողջապահության նախարարությունը ծրագիր է պատրաստել, որի նպատակն էր նվազեցնել ծխելու մակարդակը քաղաքում 2023 թվականին 9,1%-ից մինչև 2025 թվականի վերջը հասցնելով 7,8%-ի (հաշվի առնելով 15 տարեկան և բարձր տարիքի օրական առնվազն մեկ անգամ ծխողներին):






