Այս ընթացքում ունեցել ենք առնվազն 10 վարույթ, բազմաթիվ դիմումներ, հարցումներ. Վարույթների քննության արդյունքում ունենք նաեւ պատասխանատվության ենթարկված բուժաշխատողներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի նախագահ Իզաբելլա Աբգարյանը:

«10 վարույթների արդյունքում 5 բուժաշխատողի կողմից չի հաստատվել  բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման փաստը, մյուս 5-ի մոտ հաստատվել է: Մենք դա ուղարկել ենք բուժհաստատությունների տնօրինությանը, որպեսզի նրանք կիրառեն կարգապահական պատասխանատվության միջոցներ:

Մեր գործունեության հիմնական նպռտակն է, որ մեկ գործի քննության արդյունքում վարքագիծ փոխվի առնվազն տվյալ բուժհաստատությունում: Մենք մանրամասն բացատրում ենք, թե ինչումն է խախտման էությունը, եւ մեզ համար առանցաքայինը վարքագիծ փոխելն է»,-ասաց նա:

Հարցին՝ ինչ հիմքով են հիմնականում քաղաքացիները դիմում իրենց, Աբգարյանը պատասխանեց. «Շատ դեպքերում ոչ միայն բուժառուներն են դիմում, այլ նաև նրանց ընտանիքի անդամները, կոնտակտային անձինք, որպեսզի խխտման փաստը վեր հանվի եւ համապատասխան պատասխան տրվի: Դիմումների հիմնական մասը պացիենտի արժնապատվության մասով է: Ունենք նաեւ ընտանիքի անդամին վիրավորելու դեպքեր, պացիենտի վարքի մասին բուժաշխատողի դատողությունների կատարման դեպքեր, որոնք գնահատականներ են տալիս պացիենտին՝ դրանով վիրավորելով նրան: Ցավի մեղմացման հետ կապված թերացումների դեպքեր գործեր: Նաեւ ունենք դեպք, երբ մի բուժաշխատողը մյուս բուժաշխատողին հանդեպ բավարար հարգալից վերաբերմունք չի դրսեւորել»:

Նա ընդգծեց, որ առաջին խախտման դեպքում կիրառվում է նկատողություն, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում տրվում է «խիստ նկատողություն», իսկ երրորդ անգամ արդեն բուժօգնության սպասարկման լիցենզիան կասեցվում է:

Սակայն 2027 թվականից այլ կարգ է գործելու. Առաջին խախտման դեպքում լիցենզիան կասեցվելու է մեկ ամսով, իսկ կրկնվելու դեպքում՝ 3 ամսով: