Կեսարյան հատմանը կամ բնական ծննդաբերությանն առնչվող վախերն արդարացված չեն. բժիշկները կնոջը պետք է հղիության ընթացքում նախապատրաստեն ծննդաբերության, անհրաժեշտության դեպքում՝ նաև կեսարյան հատման միջոցով:
Դրա մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Պողոսյանը։
Ըստ նրա՝ ցանկացած ծնունդ կարող է ավարտվել կեսարյան հատումով, քանի որ կարող են խնդիրներ առաջանալ պտղի կամ ծննդկանի, սրտախփոցի առումով և այլ պատճառներով, ինչը կարող է հանգեցնել վիրահատական միջամտության անհրաժեշտության:
Ուստի խորհրդակցության 9 ամսվա ընթացքում կնոջն անպայման պետք է պատրաստել հղիության ավարտին։
«Բոլոր խորհրդատվությունները ունեն մայրական դպրոց, որտեղ 9 ամսում հղիներին առնվազն 2-3 անգամ բացատրում են բնական ծննդաբերության կամ կեսարյան հատման ընթացքը, և այդ խորհրդատվությունները մեղմում են վախերը։ Եթե վախերը շարունակվում են, հղիներին խորհուրդ է տրվում աշխատել հոգեբանների հետ, ինչը ևս նպաստում է, որ ապագա ծննդկանը հաղթահարի հնարավոր վախերը։
Հայաստանում անձնական բժիշկ ունենալու ընթացակարգ է գործում։ Դա հնարավորություն է ընձեռում, որ բժիշկը բավական լուրջ ուշադրություն դարձնի հղի կնոջը նաև ծննդաբերության պահին։ Մանկաբարձը բավական մեծ աջակցություն է ցույց տալիս վախերը փարատելու և դրական միջավայր ստեղծելու համար: Ծննդատունն ունի տրանսֆորմեր մահճակալ, որը հենց պալատում վերածվում է ծննդաբերության սեղանի՝ նույնպես վախի մթնոլորտը ցրելու նպատակով»,- նշել է Պողոսյանը։
Առանց ցուցումների կեսարյան հատումն արդարացում չունի
Բնական ծնունդների թիվն ամբողջ աշխարհում և մասնավորապես մեր երկրում նվազման միտում ունի, ընդսմին Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը՝ իրավիճակը հօգուտ բնական ծննդաբերության փոխելու համար։
Բնությունն ամեն ինչ ստեղծել է, որպեսզի կինն ինքն իր ուժերով ծննդաբերի։ Երբ դեռ կեսարյան հատում չկար, կանանց մեծ մասն ինքնուրույն էր ծննդաբերում, այն դեպքում, երբ այն ժամանակ ցավազրկողներ էլ չկային։
Կեսարյան հատումը պետք է անել միայն խիստ ցուցված դեպքերում. Առանց ցուցումների կեսարյան հատումն արդարացում չունի։
Եթե խոսենք ցավերի մասին, դրանք լինում են կտրվածքի հատվածում, լինում են նաև հետվիրահատական ցավեր, նայած՝ ինչպես է անցել վիրահատությունը։
Կեսարյան հատումը չափազանց շատ դժվարություններ է առաջացնում, արգանդի հատվածում սպի է գոյանում։ Հաճախ կեսարյան հատումով առաջին հղիությունից հետո երկրորդ հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդաբերության համար հակացուցումներ են առաջանում։
Սակայն հղի կանայք հաճախ համառորեն կեսարյան հատում են պահանջում, և նման դեպքում անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել, որպեսզի հղի կինը վերանայի իր մոտեցումը։
Հայաստանում կեսարյան հատումներով ծննդաբերությունների աճի լուրջ միտում կա, ինչի դեմ մենք աշխատում ենք։ Կեսարյան հատումը առանձնապես խստորեն վերահսկվում է առաջին հղիության ժամանակ։
Փորձում ենք ամեն ինչ անել, որ կանայք ծննդաբերեն բնական ճանապարհով։ Կեսարյան հատման ցուցված լինելը պայմանավորված է պտղի վիճակով, ծննդկանի վիճակով և բժշկի մոտեցմամբ։
Առաջին հղիության ընթացքում կեսարյան հատում կատարած կանայք վախենում են, որ երկրորդ հղիության ընթացքում կարող են բարդություններ առաջանալ: Բայց կան արգանդի սպիների լիարժեքության չափանիշներ, որոնք մանկաբարձ-գինեկոլոգը գնահատում է հղիության ընթացքում և հղիության ավարտին մոտ։
Եթե պտուղը մեծ չէ, եթե սրտի բաբախյունը նորմալ է, և հակացուցումներ չկան, առաջարկում ենք բնական ծննդաբերություն։
Արգանդի վրա երկու կամ ավելի սպիների դեպքում բնականաբար հակացուցված են հետագա ծնունդները։
Կեսարյան հատուման դեպքում առաջին օրերին կաթնարտադրությունն ավելի քիչ է լինում, քան բնական ճանապարհով ծննդաբերած կանանցը, քանի որ պտղի ծննդաբերության ժամանակ բնական ճանապարհով ձևավորվում է օքսիտոցին հորմոնը, և բարձրանում է պրոլակտինի մակարդակը, ինչը նպաստում է կաթի արտադրության ավելացմանը։
Կեսարյան հատման դեպքում այդ մեխանիզմները գործարկվում են ավելի ուշ: Այս դեպքում երեխայի ծնվելուց անմիջապես հետո նրան դնում ենք մոր կրծքին, որպեսզի ամրապնդվի նրա ծծելու բնազդը և կապը մոր հետ, ինչը նվազեցնում է լակտացիայի հետ կապված խնդիրների ռիսկը։ Երկու-երեք օր հետո լակտացիան դառնում է ամբողջական: Հեղուկ խմելը և երեխային կրծքին դնելը նպաստում է դրան:
Քանի՞ անգամ կարելի է դիմել կեսարյան հատման և ինչպե՞ս է դա ազդում երեխայի վիճակի վրա
Նախկինում ասում էին, որ կեսարյան հատումով կարելի է ծննդաբերել չորս անգամից ոչ ավելի։ Բայց քանի որ կեսարյան հատման տեխնիկան և վիրահատության մոտեցումները փոխվել են, մարմնին նվազագույն վնաս է հասցվում, ուստի սահմանափակումներ չկան:
Մենք ունեցել ենք դեպքեր, երբ կինը 7 անգամ ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով, ու ամեն ինչ լավ է անցել։ Հետևաբար, նման սահմանափակումներ չկան։
Նախկինում ենթադրվում էր, որ կեսարյան հատումից հետո կարելի է կրկին հղիանալ առնվազն երկու տարի անց, սակայն այժմ այդ ժամանակահատվածը կրճատվել է մինչև մեկ տարի: Ինչ վերաբերում է կեսարյան հատման մեթոդներին, ապա ամեն ինչ կախված է բժշկի կոնկրետ մոտեցումներից ու նախասիրություններից։
Հատկանշական է, որ կեսարյան հատումը երեխայի համար սթրես է, քանի որ նա չի գիտակցում, որ ծնվել է, բայց հանկարծ հայտնվում է այլ աշխարհում, որտեղ չկա ջուր և չկա մոր սրտի բաբախյունը։ Ուստի ադապտացիոն շրջան անցնելու անհրաժեշտություն կա։
Բնական ծննդաբերության ժամանակ եթե հարմարվողականության շրջան լինում էլ է, կարճատև է, քանի որ երեխան այս դեպքում արդեն անցել է դժվարությունների միջով և տեղի են ունեցել անհրաժեշտ ֆիզիոլոգիական փոփոխությունները։
Մանկաբարձությունը զարգանում է, բայց տեխնոլոգիան չի փոխվում
Մանկաբարձությունը բժշկության այն ճյուղն է, որը զարգանում է, բայց տեխնոլոգիան չի փոխվում։
Ռոբոտացումն այստեղ անհնար է. բժիշկը չի կարող վիրահատությունը վերահսկել մոնիտորի մոտ նստած, հատկապես բնական ծննդաբերության ժամանակ, երբ շատ կարևոր է բժշկի և ծննդաբերող կնոջ փոխազդեցությունը, ինչպես նաև՝ հուզական կապը։
Բայց մանկաբարձները սիրում են կատակել՝ ասելով, թե հաջորդ ծննդաբերությունը կատարվելու է լապարոսկոպիկ եղանակով։





