«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ֆեյբուքում գրառում է արել, որտեղ նշել է, որ այսօր իր աշխատանքային վերջին օրն էր, և նա պաշտոնից հեռանում է «պարզ ճակատով, հանգիստ խղճով ու հպարտ»։
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր, որպես պետական ամենախոշոր բուժհաստատության՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոնի տնօրեն:
Հեռանում եմ պարզ ճակատով, հանգիստ խղճով ու հպարտ․․․
2018-ին ստանձնելով կենտրոնի ղեկավարի պաշտոնը՝ երազում էի, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը դառնա այնպիսի հզոր հաստատություն, ուր իմ ու Ձեր երեխան, հարազատը կսպասարկվեն առանց անհանգստության։
Այսօր իմ մեծ նպատակն ու երազանքը կատարված է։
Հպարտ եմ, որ իմ կառավարման 7 տարիներին ինձ հաջողվեց Հայաստանի Հանրապետության ամենամեծ պետական բժշկական կենտրոնը դարձնել ապահով հաստատություն:
Շուրջ 7 տարի առաջ մենք սկսեցինք մեծ աշխատանքը՝ փոխելու, բարելավելու և զարգացնելու մեր բուժհաստատությունը: Այդ տարիները լի էին դժվարություններով և մարտահրավերներով․ համավարակ, պատերազմ, հետքովիդյան վերապրոֆիլավորում, բայց նաև մեծ հաղթանակներով, թիմային անսահման նվիրումով և զարգացման անընդհատ ձգտումով։
Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվեց բարելավել բժշկական ծառայությունների որակը, ընդլայնել հնարավորությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ և ամրապնդել մասնագիտական թիմը։ Մենք միասին հաղթահարեցինք բազում փորձություններ՝ մշտապես առաջնորդվելով մեր առաքելությամբ՝ ծառայել մարդկանց առողջությանը։
Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել տարբեր տարիների մեր մեծ ընտանիքի բազմահազար անդամներին՝ նվիրված աշխատանքի, արհեստավարժության և անձնվիրության համար: Ձեր ջանքերի շնորհիվ մեր բժշկական կենտրոնն այսօր դարձել է մեր երկրի առաջատար բուժհաստատություններից մեկը։ Այսօր, երբ հետ եմ նայում անցնող տարիներին, հպարտանում եմ մեր հիվանդանոցով, Ձեզանից յուրաքանչյուրով և այն կարևոր աշխատանքով, որը մենք արել ենք օր ու գիշեր:
Վստահ եմ, որ մեր կողմից ձևավորած պացիենտակենտրոն արժեքների, բժշկական որակի բարձր նշաձողի և յուրահատուկ մշակույթի կրողն ու պահպանողը հենց Դուք եք: Մաղթում եմ Ձեզ բոլորիդ ուժ, համբերություն և նորանոր նվաճումներ:
Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ՀՀ կառավարությանն, Առողջապահության երկու նախարարներին՝ Արսեն Թորոսյանին և Անահիտ Ավանեսյանին, անվերապահ վստահության, անսահման աջակցության և մեր բժշկական կենտրոնի զարգացմանն օժանդակելու համար:
Առողջություն եմ մաղթում բոլորիս և խաղաղություն մեր երկրին», – գրել է նա։
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ մեզ հայտնի էր դարձել, որ ԱՆ ենթակայության տակ գտնվող երկու բուժկենտրոնների՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենները՝ Արման Հովակիմյանն ու Նարեկ Մանուկյանը կլքեն իրենց պաշտոնները։
Ավելի ուշ նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց այդ լուրը, նշելով, որ մի քանի բժշկական կենտրոնների տնօրենների փոփոխություն կլինի։ Նա հաստատեց նաև այն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի տնօրենի պաշտոնին հավակնում է ՀՀ ԱԺ առողջապահական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։






