Վաղ թե ուշ նոր համավարակ տեղի կունենա, եւ դա «տեսական ռիսկ չէ», այլ «համաճարակաբանական որոշակիություն»։ Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Ելույթ ունենալով համավարակի կանխարգելման վերաբերյալ համաձայնագիր նախապատրաստող Միջկառավարական բանակցային մարմնի (ՄԿԲՄ) 13-րդ նստաշրջանի բացմանը, նա հիշեցրել է աշխարհում COVID-19-ի բռնկման ծանր հետեւանքների մասին՝ ընդգծելով, որ «հաջորդ համավարակը չի սպասի»։ Գեբրեյեսուսի խոսքով՝ դա «տեսական ռիսկ չէ, դա համաճարակաբանական որոշակիություն է»։ ԱՀԿ ղեկավարը կրկնել է իր ավելի վաղ արած ենթադրությունը, որ նոր համավարակ կարող է բռնկվել «20 կամ ավելի տարի հետո, կամ գուցե վաղը»: «Բայց դա տեղի կունենա, եւ ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք»,- հայտնել է նա։

«Պաշտոնական տվյալներով՝ 7 միլիոն մարդ մահացել է [COVID-19-ից], բայց մենք իրական թիվը գնահատում ենք 20 միլիոն: Բացի մարդկային զոհերից, համավարակը ոչնչացրել է ավելի քան 10 տրլն դոլարի համաշխարհային տնտեսական արժեք»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նա վստահություն է հայտնել համաճարակի համաձայնագրի շուրջ բանակցություններում կոնսենսուսի հասնելու հնարավորության հարցում։ ԱՀԿ ղեկավարը վստահեցրել է, որ նման համաձայնագիրը «ոչ մի կերպ չի ոտնահարի ԱՀԿ անդամ որեւէ երկրի ինքնիշխանությունը», այլ ընդհակառակը, «կուժեղացնի ազգային ինքնիշխանությունը եւ միջազգային գործողությունները»։