Մեծ Բրիտանիայում առաջին կինը երեխա է ունեցել արգանդի փոխպատվաստումից հետո։

Բրիտանուհի Գրեյս Դեւիդսոնը սեփական արգանդ չուներ, եւ այնուամենայնիվ, նա մայր դարձավ։ Նրա հարազատ քույրը՝ Էմին, դարձավ արգանդի դոնոր. երկու տարի առաջ վիրաբույժները կանանց ենթարկել էին օրգանի փոխպատվաստման բարդ վիրահատության, որն ընդհանուր առմամբ տեւել էր 17 ժամ։

Ինչպես տեղեկացրել է Daily Mail-ը, դրանից հետո Գրեյսը եւ նրա ամուսինը՝ Անգուսը, վերջերս աղջիկ ունեցան։ Ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատմամբ, առանց բարդությունների եւ 20 բժիշկներից եւ բուժքույրերից բաղկացած թիմի հսկողության տակ։

Ծնողներն աղջկան անվանել են Էմի Իզաբել՝ ի պատիվ դոնոր մորաքրոջ՝ Էմիի եւ վիրաբույժ Իզաբելի, գրել է Bild-ը։ Հոր խոսքով՝ բժիշկների թիմը ոչ միայն նշել է գիտական ձեռքբերումը, այլեւ ուրախացել է ընտանիքի հետ միասին։ Զույգը հուսով է եւս մեկ երեխա ունենալ, նախքան փոխպատվաստված արգանդը կհեռացվի։

Մինչդեռ Լոնդոնի Queen Charlotte’s and Chelsea հիվանդանոցի թիմն արդեն հաջողությամբ իրականացրել է արգանդի եւս երեք փոխպատվաստում եւ հուսով է շուտով օգնել այլ կանանց, որպեսզի նրանք մայրանան։