Բեյլորի բժշկական քոլեջի և Փենինգթոնի կենսաբժշկական հետազոտությունների կենտրոնի գիտնականները բացահայտել են մի մեխանիզմ, որը բացատրում է, թե ինչպես են ուղեղն ու հորմոնները փոխազդում, որպեսզի օգնեն կանանց հաղթահարել կրծքով կերակրման ժամանակ էներգիայի ավելացած ծախսերը: Աշխատանքը հրապարակվել է Nature Metabolism ամսագրում։
Կրծքով կերակրելը լուրջ ջանքեր է պահանջում մոր օրգանիզմից․ անհրաժեշտ է կաթ արտադրել, որը պահանջում է ինչպես հավելյալ էներգիա, այնպես էլ հորմոնալ փոփոխություններ։ Մինչ այժմ առեղծված էր մնում, թե ինչպես են հորմոններն ազդում լակտացիայի ընթացքում նյութափոխանակության գործընթացների վրա։ Այժմ գիտնականները հայտնաբերել են, որ առանցքային դեր են խաղում հիպոթալամուսում էստրոգենի ընկալիչներով (ERα) նեյրոնները:
Սովորաբար էստրոգենը ճնշում է ախորժակը և խթանում է ճարպերի այրումը, իսկ պրոլակտինը հակառակ ազդեցությունն է ունենում․ այն մեծացնում է քաղցի զգացողությունը և նվազեցնում էներգիայի ծախսերը։ Լակտացիայի ընթացքում էստրոգենի մակարդակը նվազում է, իսկ պրոլակտինինը՝ բարձրանում: Սա հանգեցնում է սննդի օգտագործման ավելացմանը և ճարպերի այրման արագության նվազմանը, ինչը օգնում է օրգանիզմին հաղթահարել կաթի արտադրության հետ կապված էներգիայի պահանջները:
Գիտնականները պարզել են, որ հիպոթալամուսում էստրոգենի ընկալիչ ունեցող նեյրոնների ակտիվությունը նվազում է կաթով կերակրող կենդանիների մոտ: Երբ այս նեյրոնները արհեստականորեն ապաակտիվացրեցին լակտացիայի մեջ չգտնվող մկների մոտ, դրանց մոտ պրոլակտինի մակարդակի բարձրացում, ախորժակի մեծացում և ճարպերի այրման նվազում նկատվեց, այսինքն զարգացավ լակտացիային նման վիճակ:
«Ապշեցուցիչ էր, թե որքան հզոր ազդեցություն կարող է ունենալ ուղեղի մի փոքր հատվածում էստրոգենի ընկալիչներն անջատելը», - նշել է հետազոտության համահեղինակ, բժիշկ Մեն Յույը:
Երբ այս նեյրոնների ակտիվությունը վերականգնեցին կերակրող մկների մոտ, նկատվեց պրոլակտինի մակարդակի նվազում և նյութափոխանակության նորմալացում։ Սա հաստատում է ERα նեյրոնների կարևոր դերը լակտացիայի ընթացքում նյութափոխանակության կարգավորման գործում։
Հետազոտության արդյունքները ոչ միայն բացահայտում են կրծքով կերակրմանը մայրական օրգանիզմի հարմարվելու բարդ մեխանիզմը, այլև հեռանկարներ են բացում այնպիսի հիվանդությունների ուսումնասիրման համար, ինչպիսիք են ճարպակալումը, հիպերպրոլակտինեմիան և դաշտանադադարի հետ կապված խանգարումները:






