Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը կարող է Հայաստանին տրամադրել 102 մլն եվրո վարկ։ Այս մասին ապրիլի 11-ին ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան հարցի քննարկման ժամանակ հայտնել է հանրապետության առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Միջոցներն, ըստ նրա, ծախսվելու են առողջապահական ծառայությունների ապահովմանն ուղղված ծրագրի իրականացմանը հանրապետության ամբողջ տարածքում։
«Վարկային այս ծրագիրն ուղղված է աջակցելու, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությանը համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման, բժշկական օգնության որակի բարելավման, երկրի առողջապահության ծախսերի արդյունավետության բարձրացման և բնակչության կողմից բժշկական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցման հարցում»,- ասել է Նանուշյանը։
Վարկային ծրագիրը հիմնված է լինելու արդյունքների վրա։ Այսինքն՝ վարկային գումարից հատկացումներ կիրականացվեն նախապես համաձայնեցված ու սահմանված ցուցանիշներով ու ուղղություններով։
Նախապատրաստական աշխատանքները, ինչպես նշել է փոխնախարարը, իրականացվել են ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերների հետ համատեղ։
«Բուն ծրագրի անհրաժեշտությունը և սահմանված ցուցանիշների ձեռքբերումը կախված կլինի «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ընդունումից»,- ընդգծել է կառավարության ներկայացուցիչը։
Նախագիծը, ըստ նրա, համահունչ է կառավարության 2021-2026թթ.-ի և Առողջապահության համակարգի զարգացման 2023-2026 թթ․-ի ռազմավարությանը։
Վարկային ծրագրի նախագիծը համաձայնեցվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ներկայացուցիչների հետ մայիսի 21-ին կայացած բանակցությունների ընթացքում։
«Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2029 թվականի սեպտեմբերի 20-ին»,- հայտնել է Նանուշյանը։
Քննարկումից հետո նախագիծը դրական կարծիք է ստացել խորհրդարանական մշտական հանձնաժողովի կողմից։






