ՏԲՀ-ի գիտնականները պարզել են մարդու աղիքներում ապրող մանրէների ազդեցությունը ճարպակալմամբ տառապող երիտասարդների առողջության կլինիկական և կենսաքիմիական ցուցանիշների վրա: Նրանք նշում են, որ դա կօգնի ճարպակալության զարգացման կանխատեսման և բուժման նոր մոտեցումներ մշակել՝ ելնելով աղիքային միկրոբիոտայի վիճակի գնահատումից և դրա կազմի նորմալացումից, տեղեկացնում է РИА Новости-ն։
Ճարպակալում հիվանդությունը զգալիորեն աճում է ողջ աշխարհում։ Վերջերս ավելացել են ճարպակալման և միկրոբիոտայի վիճակի միջև կապի ապացույցները:
Այս կապի ըմբռնումը կօգնի ճարպակալման բուժման նոր մոտեցումներ մշակել, կարծում են Տյումենի պետական բժշկական համալսարանի (ՏԲՀ) գիտնականները: Դա անելու համար նրանք սկսել են ուսումնասիրել հաստ աղիքի միկրոբիոտայի բաղադրության առանձնահատկությունները և գնահատել դրանց կապը ճարպակալում ունեցող երիտասարդ հիվանդների անալիզների արդյունքների հետ:
Հետազոտությանը մասնակցել է 118 երիտասարդ, որոնցից 87-ը ճարպակալում է ունեցել, իսկ 31-ը՝ մարմնի նորմալ զանգված: Բոլոր մասնակիցներին արյան կենսաքիմիական անալիզ են անցկացրել (ընդհանուր խոլեստերին, բարձր խտության լիպոպրոտեիդներ, ցածր խտության լիպոպրոտեիդներ, շատ ցածր խտության լիպոպրոտեիդներ, տրիգլիցերիդներ, միզաթթու, գլյուկոզա, գլիկացված հեմոգլոբին, C- ռեակտիվ սպիտակուց), ինչպես նաև գնահատել են հաստ աղիքի միկրոբիոտայի վիճակը:
Հետազոտողները պարզել են, որ ճարպակալում ունեցող հիվանդների խմբում լակտո- և բիֆիդոբակտերիաների պարունակության նվազման ակնհայտ միտում է նկատվել, հայտնել է ՌԴ վաստակավոր բժիշկ, ՏԲՀ-ի էնդոկրինոլոգիայի դասընթացներով թերապիայի ամբիոնի վարիչ Սերգեյ Կլյաշևը:
«Միևնույն ժամանակ, հիվանդների մոտ ավելացել է պայմանական ախտածին միկրոօրգանիզմների քանակը ախտածին միկրոֆլորայի բացակայության դեպքում: Աղիքի մանրէական կազմից այս շեղումները ուղեկցվել են աղիքային միկրոբիոտայի նյութափոխանակության հստակ փոփոխություններով, ինչը դրսևորվել է կղանքի կարճ շղթայական ճարպաթթուների արտադրության ավելացմամբ և նպաստել օրգանիզմի նյութափոխանակության խախտումների զարգացմանը», ասել է նա:
ՏԲՀ-ի հետազոտողները կապ են գտել հաստ աղիքի միկրոբիոտայի բաղադրության և հիվանդների առողջության կարևորագույն պարամետրերի միջև: Նրանց տվյալներով, ստացված տեղեկությունը թույլ է տալիս կանխատեսել ճարպակալման և նյութափոխանակության համախտանիշի զարգացումը երիտասարդ հիվանդների մոտ նախակլինիկական փուլում, ինչպես նաև մշակել ճարպակալման բուժման ուղիներ՝ աղիքային միկրոբիոտայի վրա ներգործելու ճանապարհով։
Ապագայում գիտնականները նախատեսում են ճարպակալում ունեցող հիվանդների հաստ աղիքի միկրոբիոտայի կազմի նորմալացման մեթոդներ մշակել։






