Ռուս գիտնականները գիտության եւ տեխնոլոգիայի «Սիրիուս» համալսարանի հետազոտության շրջանակում պարզել են, որ սերոտոնին նեյրոմեդիատորը առանցքային դեր է խաղում ողնուղեղի վնասվածքներից հետո շարժողական գործառույթների վերականգնման գործում, ՏԱՍՍ-ին հայտնել են «Սիրիուսի» դաշնային տարածքի մամուլի ծառայությունից: Ապագայում հայտնագործությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ մեթոդներ մշակել ողնաշարի վնասվածքների բուժման համար։
Չկա բավականաչափ արդյունավետ բուժում՝ ողնուղեղի վնասվածքներից հետո պացիենտների մոտ շարժողական ակտիվությունը լիովին վերականգնելու համար: Հայտնի է, որ սերոտոնինը (նյութ, որն արտադրվում է կենտրոնական նյարդային համակարգում (ԿՆՀ) կամ աղեստամոքսային տրակտում) կարեւոր դեր է խաղում վնասված հատվածների վերականգնման գործընթացում։ Առաջին դեպքում այնծառայում է որպես նեյրոմեդիատոր՝ նյարդային բջիջների (նեյրոնների) միջեւ ազդանշանների հաղորդիչ, երկրորդում՝ մարսողական ֆունկցիաները կարգավորելու համար պատասխանատու հորմոն։ Սերոտոնինի դերը որպես հորմոն արդեն լավ ուսումնասիրված է, ի տարբերություն նեյրոմեդիատոր սերոտոնինի: Դրա ազդեցությունը ողնուղեղի վնասվածքներից հետո վերականգնման վրա ուսումնասիրվել է «Սիրիուսի» մի խումբ մասնագետների կողմից:
«Ռուս գիտնականներն ապացուցել են, որ սերոտոնինն առանցքային դեր է խաղում ողնուղեղի վնասվածքներից հետո շարժիողական ֆունկցիաների վերականգնման գործում։ Պարզվել է, որ այս նեյրոմեդիատորն ի վիճակի է «վերագործարկել» վնասված նյարդային ցանցերը՝ օգնելով նեյրոններին զարգացնել նոր կապեր եւ վերականգնել ազդանշանի փոխանցումը։
Հետազոտության շրջանակում գիտնականները մոդելավորել են ողնաշարի վնասվածքը. լաբորատոր կենդանիների մի խմբում փորձերի ընթացքում կենտրոնական նյարդային համակարգում սերոտոնինի սինթեզի համար պատասխանատու գենը գենետիկ մակարդակով «անջատվել» է: Որպես հսկիչ խումբ մասնագետներն օգտագործել են նորմալ կենդանիների, որոնք ոչ մի միջամտության չեն ենթարկվել։
Փորձերը եւ հատուկ շարժողական թեստերը ցույց են տվել, որ սերոտոնինի նորմալ մակարդակ ունեցող առնետները զգալիորեն ավելի լավ են վերականգնվել վնասվածքներից հետո, քան գենետիկորեն ձեւափոխված առնետները: Մոդելավորված վնասվածքից անմիջապես հետո բոլոր փորձնական կենդանիները հավասարապես վատ էին գլուխ հանում դրանցից: Սակայն ժամանակի ընթացքում հսկիչ խմբի առնետները սկսել են ավելի լավ շարժվել՝ վստահորեն բարձրանալով աստիճաններով, դրսեւորելով լավ համակարգվածություն: Գենետիկորեն ձեւափոխված կենդանիների ինքնազգացողությունը վատացել է, նրանք թեստերը վատ են կատարել, եւ նրանց վերջույթների մկանային տոնուսը երբեք չի վերադարձել նորմին։
Գիտնականները նշել են, որ իրենց հայտնագործությունը կարող է պոտենցիալ առումով թույլ տալ ողնուղեղի վնասվածքների բուժման ավելի արդյունավետ մեթոդների մշակումը: «Ստացված արդյունքներն ապացուցում են ողնուղեղի վնասվածք ունեցող պացիենտների բուժման դեղաբանական մեթոդների մշակման անհրաժեշտությունը։
Նեյրոմոդուլացնող, ներառյալ սերոտոնիներգիկ ազդեցությամբ նոր դեղամիջոցները կարող են օգտագործվել նեյրոտրավմայից հետո շարժողական եւ զգայական խանգարումների բուժման համար: Մենք ակնկալում ենք, որ դեղաբուժության մեթոդների եւ ողնուղեղի էլեկտրական խթանման արդեն կիրառված մոտեցումների համադրությունը կապահովի ոչ միայն ընդհանուր, այլեւ սիներգետիկ ազդեցություն»,- նշել է հետազոտության ղեկավար Պավել Մուսիենկոն։






