Ապրիլի 15-ը լաբորատոր աշխատակցի օրն է։
Արդյունավետ բուժման կարևորագույն նախադրյալներից մեկը ժամանակին և ճշգրիտ կատարված ախտորոշումն է, որն ապահովում են ախտորոշիչ ծառայությունները՝ լաբորատորիաները, լաբորատոր մասնագետները։ «Ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը». վստահեցնում է Սլավմեդ բժշկական կենտրոնի կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար Անաիդա Մադոյանը, ով ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ և 2003 թվականից ղեկավարել է տարբեր լաբորատորիաներ ու լաբորատոր թիմեր։ Տիկին Մադոյանի հետ զրուցել ենք լաբորատոր աշխատանքի կարևորության և առանձնահատկությունների մասին։
Լաբորատոր աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին էականորեն աճել է
Լաբորատորիայում աշխատանքն ամենապատասխանատուներից է. լաբորատորիան այն օղակն է, որից սկսվում է ճշգրիտ ախտորոշումն ու բուժումը։
Ինձ համար շատ կարևոր ու ոգևորիչ փաստ է, որ երիտասարդ մասնագետներն արդեն իրենց գիտակցված որոշումով մեծ ցանկություն ունեն աշխատել լաբորատորիայում։ Քանի որ երկար տարիների փորձառություն ունեմ ոլորտում, կարող եմ փաստել՝ այսօր համեմատական անցկացնելով նախորդ տարիների հետ, էական և նկատելի տարբերություն կա, հատկապես՝ վերջին շրջանի նորարարությունների, նոր սարքավորումների ի հայտ գալու, գիտության և տեխնոլոգիաների զարգացման, նոր մոտեցումների կիրառման շնորհիվ։ Ոլորտն ու աշխատանքը գրավիչ են դարձել երիտասարդ մասնագետների համար, լաբորատոր ոլորտում աշխատելու դիմելիությունը բավականին մեծացել է։
Լաբորատոր հետազոտությունների ճշգրտությունը կախված է մի շարք հիմնարար գործոններից
Լաբորատոր հետազոտությունը շղթայական գործընթաց է, որում կարևոր է յուրաքանչյուր օղակի ներգրավվածությունն ու որակյալ աշխատանքը։ Լաբորատորիայում աշխատանքի յուրաքանչյուր փուլ՝ նախահետազոտական, հետազոտական, հետհետազոտական, պետք է պատշաճ կերպով իրականացվի ու համակարգվի, քանի որ սրանցից յուրաքանչյուրում անգամ մեկ չնչին թվացող բացթողումը կարող է ամբողջությամբ փոխել հետազոտության ընթացքն ու վերջնական արդյունքը՝ հանգեցնելով ախտորոշման սխալի։
Նախահետազոտական փուլում շատ կարևոր է, թե ինչպես ու որքանով է բուժառուն ներգրավված գործընթացում, ինչպես է նախապատրաստվել հետազոտությանը, արդյոք պատասխանատու կերպով է մոտենում տրված ցուցումներին։
Նախահետազոտական փուլում կարևոր է, թե ինչպես է իրականացվում նմուշառումը, պահպանվում են արդյոք բոլոր նորմերը, արդյոք համապատասխան ձևով ու պայմաններում է նմուշը տեղափոխվել լաբորատորիա և այլն։ Ապացուցված է, որ 48-58 տոկոս անհամապատասխանությունների դեպքերը հենց նախահետազոտական փուլի բացթողման հետևանք են։
Հետհետազոտական փուլում կարևոր է նաև հետազոտության արդյունքների ճիշտ մեկնաբանությունը, որը կապահովի ժամանակին և համարժեք բուժում։
Ճշգրիտ, հավաստի, գիտահեն. մենք տալիս ենք հետազոտությունների արդյունք, որի սպեցիֆիկության, հավաստիության և ճշգրտության մասով ոչ մի կասկած չունենք
Դեպքեր են եղել, երբ մեզ մոտ իրականացված հետազոտության արդյունքները վերահաստատվել են արտերկրի լավագույն բժշկական հաստատություններում, ինչն ինձ համար անհատապես, մեր ողջ թիմի և Սլավմեդի համար ամենամեծ գնահատականն է։
Սլավմեդի լաբորատորիան հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով։ Մենք մշտապես հետևում ենք ոլորտի նորարարություններին, զարգացման միտումներին, ուսումնասիրում և ձեռք ենք բերում նորագույն սարքավորումներ, իսկ արտադրողի և մատակարարի պրոֆեսիոնալ թիմերն անցկացնում են համապատասխան դասընթացներ՝ սարքի աշխատանքի նրբություններին և բոլոր հնարավորություններին տիրապետելու համար։
Շարունակական մասնագիտական զարգացումը մեր թիմի համար առաջնահերթություն է։ Պարբերաբար անցկացվում են լաբորատոր սարքերի աշխատանքի հավաստագրման քննություններ, քանի որ յուրաքանչյուր մասնագետ պետք է պարտադիր ունենա դրանց հետ աշխատելու համապատասխան որակավորում։
Բուժառուն մեզ համար առաջնային է. անտարբերությունն անընդունելի է լաբորատոր աշխատակցի համար
Մեր թիմը գիտակցում է, որ մեր աշխատանքում ամենակարևորը նախ պատասխանատվությունն է, հետո՝ սրտացավությունը․ անտարբերությունը մեր աշխատանքում պետք է բացառվի։
Մեզ համար առաջին տեղում բուժառուն է, ում հետ մենք աշխատանք ենք տանում հետազոտության ու բուժման արդյունքի վերահսկման ողջ ընթացքում։ Չենք սահմանափակվում միայն հետազոտության արդյունք տրամադրելով, այլ նաև մեկնաբանում ենք ստացված տվյալները, պատասխանում պացիենտին հուզող բոլոր հարցերին, մշտապես կապի մեջ լինում նրա հետ։
Շատ կարևորում ենք խիստ շեղված արդյունքների մասին տեղեկացման, արագ փոխանցման անհրաժեշտությունն ու մեխանիզմները։ Ունեցել ենք դեպք, երբ երիտասարդի արյան հետազոտությունը ցույց է տվել արյան մեջ շաքարի մակարդակի անընդունելի բարձր արդյունք, իսկույն փնտրել, գտել ենք հիվանդին, կազմակերպել մասնագիտական խորհրդատվություն, խիստ հսկողություն սահմանել մինչ համոզվել ենք, որ արդեն համապատասխան բուժումների փուլում է։ Պատկերացնում եք, ինչ կլիներ, եթե պարզապես հետազոտությունն իրականացնեինք, տրամադրեինք արդյունքն ու ուշադիր չլինեինք ցուցանիշների նկատմամբ։
Որակի կառավարման համակարգերի ներդրումը էական ազդեցություն են ունեցել լաբորատորիաների աշխատանքի որակի բարելավման վրա
Բժշկական հաստատություններում որակի կառավարման համակարգերի ներդրումն առաջին հերթին սկսվում է լաբորատորիաներից. այսինքն՝ կան ստանդարտների պահանջներ, որոնց պետք է հետևի ողջ լաբորատոր անձնակազմը՝ սկսած ծառայության ղեկավարից մինչև լաբորատոր կրտսեր բուժաշխատող։ Սա շատ ողջունելի ու կարևոր է, որովհետև լաբորատորիաներից է սկսվում ճշգրիտ ախտորոշումը, որի հիման վրա նշանակվում և իրականացվում է համարժեք բուժում։
Ունենալով ISO 7101:2023 և ISO 9001:2015 ստանդարտների պահանջներին համապատասխան որակի կառավարման համակարգի հավաստագրումները, մենք մշտապես գործում ու առաջնորդվում ենք միջազգային ամենաբարձր չափանիշներով, և մատուցում որակյալ բժշկական ծառայություններ։
Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել. եթե այս կարգախոսով առաջնորդվենք, մենք կունենանք ավելի առողջ հասարակություն։ Շատ կարևոր է տարին մի քանի անգամ՝ կախված տարիքային առանձնահատկություններից և շեմից, անցնել նվազագույն հետազոտություններ, բարդացումները կանխելու, առողջ և ինքնավստահ լինելու համար։
Մաղթանք՝ մասնագիտական տոնի առթիվ
Մաղթում եմ, որ լաբորատոր յուրաքանչյուր աշխատակից գիտակցի իր գործի և առաքելության կարևորությունը։ Լինի սրտացավ և նվիրված իր մասնագիտությանը։







