Հայաստանը մտադիր է Օվյեդոյի կոնվենցիայի մասնակից դառնալ: Դրա մասին ապրիլի 18-ին Ազգային ժողովում համապատասխան հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Խոսքը վերաբերում է «Կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիային։
Ըստ նրա՝ Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Դա մարդու իրավունքների վրա կենտրոնացող միակ առողջապահական կոնվենցիան է:
Փաստաթղթի պայմանագրային բնույթը պարտավորեցնում է այն վավերացրած պետություններին ընդունել օրենսդրություն կամ համապատասխանեցնել գործող ներպետական օրենսդրությունը Կոնվենցիայի հիմնարար սկզբունքներին։ Կոնվենցիայի դրույթները շրջանակային բնույթ ունեն և սահմանում են կենսաբժշկության ոլորտում մարդու արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանության հիմնական ուղենիշները, որոնց հիման վրա առավել զգայուն և խոցելի հարաբերությունները կապված են կենսաբժշկության ոլորտում մարդու արժանապատվության, իրավունքների և ազատությունների հետ, կենսաբժշկության ոլորտում մշտապես ենթարկվում են միջազգային իրավական կարգավորման»,- նշել է Նանուշյանը։
Կարևոր է նաև նշել, որ Կոնվենցիան սահմանում է կենսաբանության և բժշկության նվաճումների օգտագործման ոլորտում իրավունքների պաշտպանությունը երաշխավորող նվազագույն պահանջներ, որոնք պետք է ապահովեն Կոնվենցիայի մասնակից պետությունները։
«Կոնվենցիան սահմանում է կանոններ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ բուժառուի տեղեկացված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտությանը, բժշկական գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը, օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստումից ֆինանսական շահ ստանալու արգելքը, ինչպես նաև բուժառուների իրավունքներին վերաբերող մի շարք այլ դրույթներ»,- հավելել է փոխնախարարը։






