Սպիտակ տան կայքում հայտնվել է նոր վեբ-էջ, որտեղ ներկայացված է այն վարկածը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացրել է COVID-19 համավարակը, տեխնածին է եւ «փախել» է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից:
Մասնավորապես, էջում նշվել է, որ վիրուսն ունի «բնության մեջ չհայտնաբերված կենսաբանական բնութագրեր», եւ որ բոլոր հիվանդացածները «վարակվել են մեկ կոնտակտի միջոցով, ի տարբերություն նախորդ համավարակների, երբ հիվանդության համար պահանջվում էր բազմակի հայտնություն օրգանիզմում», հայտնել է DW-ն։
Այնուհետեւ նշվել է, որ Ուհանի լաբորատորիան Չինաստանում SARS վիրուսների ուսումնասիրման առաջատարն է, եւ այնտեղ փորձեր են անցկացվել վիրուսի գենոմը խմբագրելու եւ դրա հատկությունները «կենսաանվտանգության անպատշաճ մակարդակի» դեպքում փոխելու համար։ Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի որոշ աշխատակիցների մոտ COVID-19-ի նման ախտանիշներ են առաջացել դեռեւս 2019թ. աշնանը, Ուհանի շուկայում SARS-CoV-2-ի հայտնվելուց մի քանի ամիս առաջ:
«Բոլոր գիտական չափորոշիչներով, եթե լինեին բնական ծագման ապացույցներ, դրանք մինչ այժմ կհրապարակվեին: Բայց դրանք չկան»,- նշվել է կայքում:
Սպիտակ տան կայքի նույն էջը սուր քննադատության է ենթարկել, մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որն իբր «ենթարկվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության ճնշմանը եւ Չինաստանի քաղաքական շահերը վեր դասել իր միջազգային պարտավորություններից»: Բացի այդ, Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Էնթոնի Ֆաուչին, որը ծառայել է Ջո Բայդենի բժշկական խորհրդական, աշխատել է վարկաբեկել այն գաղափարը, որ SARS-CoV-2-ն արտադրվել է լաբորատորիայում եւ առաջ է քաշել հակառակ տեսակետը, որ վիրուսն առաջացել է բնական ճանապարհով:






