Սեչենովի համալսարանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների համար ստեղծված ռուսաստանյան առաջին բարձր տեխնոլոգիական նոր սերնդի գենետիկական թեստը  հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումները, որոնք սկսվել են 2024 թվականին Պ․Ա․ Գերցենի անվան Մոսկվայի քաղցկեղի գիտահետազոտական ​​ինստիտուտում։

Կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թեստ-համակարգը թույլ է տալիս հայտնաբերել գեների մուտացիաները, որոնք հրահրում են կրծքագեղձի ժառանգական քաղցկեղի զարգացումը և միաժամանակ որոշում է անհատականացված թերապիայի նպատակով թիրախային դեղամիջոցների նկատմամբ զգայունությունը:

Եվ այս ամենը մեկ ուսումնասիրության շնորհիվ։ Ռոսզդրավնադզորից գրանցման վկայական  ստանալուց հետո թեստային համակարգը կներդրվի կլինիկական պրակտիկայում, գրում է «Научная Россия»-ն։ Այն կօգտագործեն ուռուցքաբանները և մոլեկուլային գենետիկական հետազոտություններ իրականացնող կլինիկական լաբորատորիաների մասնագետները։

Մինչ այժմ հիվանդների գենետիկ մուտացիաների ուսումնասիրություններն իրականացվում էին միայն արյան անալիզների միջոցով։ Սեչենովի անվան համալսարանում մշակված նոր թեստային համակարգը հնարավորություն է տալիս հայտնաբերել մուտացիաները ոչ միայն ժառանգական, այլև ձեռքբերովի ուռուցքային նմուշի մեջ։ Բացի այդ, դրա միջոցով կարելի է գնահատել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ թիրախային դեղամիջոցների նկատմամբ ուռուցքի զգայունությունը, ինչպես նաև վերահսկել բուժման արդյունավետությունը: Ինչպես պարզաբանել է Կիրառական գենոմային տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար և Սեչենովի համալսարանի Անհատականացված ուռուցքաբանության ինստիտուտի տնօրեն Մարինա Սեկաչովան, թեստային համակարգը հնարավորություն է տալիս անմիջապես կատարել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին անհատականացված թերապիա նշանակելու համար։ Մեկ թեստի օգնությամբ բժիշկը կստանա հետագա բուժման վերաբերյալ հարցերի բոլոր պատասխանները, կկարողանա կանխատեսել ուռուցքի պոտենցիալ կայունությունը և հրաժարվել այն սխեմաներից, որոնք բավականաչափ արդյունավետ չեն լինի։ Ներկա դրությամբ թեստային համակարգը հաջողությամբ անցել է տեխնիկական և կլինիկական փորձարկումները։

«Մեր թեստ համակարգի կլինիկական փորձարկումներն արդեն ավարտված են,- նշել է Մարինա Սեկաչովան։- Դրանք հաստատել են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ գենետիկ մուտացիաները ճիշտ հայտնաբերելու թեստի ունակությունը: Թեստ համակարգը ցուցադրել է բարձր զգայունություն և յուրահատկություն: Որպես գիտական ​​մեթոդ, այս թեստավորումն այսօր արդեն կիրառվում է Սեչենովի համալսարանի Առողջապահական գիտությունների կլինիկական կենտրոնում։ Ռոսզդրավնադզորից գրանցման վկայականը ստանալուց հետո այն կտարածենք հանրապետության կլինիկաներում»։

«Մենք շահագրգռված ենք ստեղծել ախտորոշիչ արտադրանք, որը գերազանցում է այսօրվա կլինիկական պրակտիկայի պահանջները,- ընդգծել է «ОнкоАтлас» մոլեկուլային ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Միլեյկոն:- Սեչենովի համալսարանի հետ համատեղ մշակված թեստում մենք համատեղել ենք ավելի քան 20 գեների վերլուծություն. դրանք կկանխատեսեն ներկայիս կլինիկական ուղեցույցների դեղերի նկատմամբ զգայունությունը, ինչպես նաև փորձարարական թերապիայի և դեղերի արդյունավետությունը, որոնք շուկայում կհայտնվեն առաջիկա տարիներին: Այսինքն, երբ նոր հակաուռուցքային դեղամիջոցները կներդրվեն կլինիկական պրակտիկայում, մեր թեստը կկարողանա որոշել՝ դրանք կօգնե՞ն կոնկրետ հիվանդին, թե՞ ոչ»: