Մեքսիկայում ինքնատիպ բժշկական նախադեպ է գրանցվել. ծնվել է աշխարհում առաջին երեխան, որը սաղմնավորվել է ինտրացիտոպլազմային սերմի ներարկման՝ ԻՑՍՆ տեխնոլոգիայի լիովին ավտոմատացված տարբերակով։ Այս մասին հայտնել է Reproductive Biomedicine Online (RBMO) գիտական ամսագիրը։
Մինչ այժմ 1990-ականներին մշակված ԻՑՍՆ մեթոդը պահանջում էր սաղմնաբանի միջամտություն ձեռքով, որը մանրադիտակի տակ սերմնահեղուկ էր ներարկում ձվաբջջի մեջ։ Նոր փորձի ժամանակ ընթացակարգի բոլոր փուլերը՝ կենսանյութի ընտրությունից մինչեւ բեղմնավորում, իրականացվել են ինքնավար ռոբոտային համակարգով, առանց մարդու անմիջական մասնակցության:
Տեխնոլոգիան մշակվել է Conceivable Life Sciences միջազգային թիմի կողմից՝ ԱՄՆ եւ Մեքսիկայի մասնագետների մասնակցությամբ։ Դոնորական ձվաբջիջ օգտագործած 40-ամյա պացիենտը հաջողությամբ հղիացել է առաջին սաղմի տեղափոխումից հետո։ Արհեստական բանականությունը վերլուծել է սերմնահեղուկի շարժունությունն առանցքային փուլերում, դրանք անշարժացրել է լազերային միջոցով ճշգրիտ ներարկման համար եւ վերահսկել բջիջների ամբողջականությունը՝ ապահովելով առավելագույն ճշգրտություն եւ նվազեցնելով վնասների ռիսկը:
Ավտոմատացված համակարգը կատարել է դասական ԻՑՍՆ բոլոր 23 քայլերը: Որոշ գործողություններ իրական ժամանակում իրականացվել են արհեստականբանականության հսկողության ներքո, իսկ որոշները՝ հեռակա կարգով, օպերատորների կողմից: Առողջ տղայի ծնունդը հաստատել է նոր մեթոդի անվտանգությունն ու արդյունավետությունը՝ բացելով ապագա անպտղության բուժման հեռանկարներ, օգտագործելով նոր սերնդի տեխնոլոգիաներ։






