Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ով վարակված մարդիկ 50%-ով ավելի հաճախ և ավելի երկար են հիվանդանում: Կորոնավիրուսով վարակված շատ մարդիկ նկատում են, որ իրենք այլ հիվանդությունների նկատմամբ ավելի խոցելի են դարձել, գրում է Bild-ը։
Նրանց մրսածությունն ավելի հաճախ է լինում, ավելի երկար է տևում, հազն ավելի ուժեղ է դառնում և չի անցնում։
Իրոք, կախված COVID-19-ի ծանրությունից՝ այլ վարակներով վարակվելու վտանգը 20-50%-ով մեծանում է։ Նման եզրակացությանն են հանգել ԱՄՆ Սենթ Լուիսի համալսարանի գիտնականները։ Նրանք վերլուծել են կորոնավիրուսից ապաքինված ավելի քան 200 հազար մարդու,ինչպես նաև վարակից զերծ մնացած 600 հազար մարդու բժշկական գրառումները, հայտնում է T-Online պորտալը։
Կորոնավիրուսին հաջորդող տարում ապաքինվածները շատ ավելի հաճախ են տառապել բակտերիալ վարակներից, սնկերից, վիրուսներից, շնչառական հիվանդություններից և թոքերի սուր վնասվածքներից։ Նույնիսկ COVID-19-ը թեթև տարածների շրջանում այլ հիվանդություններից հիվանդանալու հավանականությունը անհամեմատ բարձր է եղել:
Գիտնականները դեռ չեն կարող հստակ ասել, թե ինչու է դա տեղի ունենում: Պարզ բացատրությունը, օրինակ, թե լոքդաունի ժամանակ մարդիկ մեկուսացել են և ավելի քիչ են շփվել վիրուսների հետ, չի համապատասխանում, քանի որ երկու հետազոտական խմբերն էլ նույն պայմաններում էին: Սակայն ապաքինվածների համար հետևանքներն ավելի վատ էին։
Հետազոտողները ենթադրում են, որ COVID-19-ը կարող է երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա՝ վնասելով լորձաթաղանթները և դրանք պաթոգենների համար ավելի թափանցելի դարձնելով: Գիտնականներն ընդգծում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, որպեսզի ըմբռնեն այս երևույթի հիմքում ընկած մեխանիզմները:






