Ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ քաղցկեղի տասնյակ տեսակներ հայտնաբերող արհեստական բանականությամբ կիրառվող արյան նոր թեստը կփորձարկվի Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության (NHS) բուժառուների վրա, գրում է Sky News-ը:
Փորձարկմանը կմասնակցի 8000 բուժառու և կվերլուծվի արյան նմուշներում ուռուցքների արտազատած գենետիկական նյութի փոքրիկ բեկորների առկայությունը։
Առ այսօր 20 հազար բուժառուների մասնակցութմամբ անցկացված թեստերը ցույց են տվել, որ miONCO-Dx թեստը 99% ճշգրտությամբ հայտնաբերում է քաղցկեղը, ինչպես նաև դրա օջախի տեղակայումն օրգանիզմում, հնարավորություն տալով ախտորոշել այն ժամանակ, երբ հիվանդությունը գտնվում է շատ ավելի վաղ, բուժման ենթակա փուլում։
Ընդամենը 10 կաթիլ արյունը բավարար է մինչև 12 տարածված քաղցկեղի տեսակներ, դրանց թվում՝ թոքերի, ստամոքսի, շագանակագեղձի, կերակրափողի, լյարդի, միզապարկի, ձվարանների, աղիների, ենթաստամոքսային գեղձի և կրծքագեղձի քաղցկեղ, ինչպես նաև ոսկրերի և փափուկ հյուսվածքների սարկոմա և ուղեղի ուռուցքի մեկ տեսակ հայտնաբերելու համար։ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ թեստն այժմ պատրաստ է «վավերացման և արժանահավատության ստուգման» փուլին։






