Լատինական Ամերիկայում դեղին տենդի դեպքերի աճ է գրանցվել. տարեսկզբից ի վեր Բոլիվիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում և Պերուում գրանցվել է դեղին տենդի վարակման 189 դեպք, վարակվածներից 74-ը մահացել են։ Դրա մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA)՝ վկայակոչելով Պանամերիկյան առողջապահական կազմակերպությանը (PAHO): 

«Դեղին տենդով վարակման դեպքերի աճի մասին հաղորդագրություններ են ստացվել Բոլիվիայից, Բրազիլիայից, Կոլումբիայից և Պերուից: Պանամերիկյան առողջապահական կազմակերպության տվյալներով՝ այս տարի հաստատվել է 189, դրանց թվում՝ 74 մահվան դեպք», - նշել են  ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակում:

Կոլումբիայում հաստատվել է հյիվանդությամբ վարկման առնվազն 83 դեպք և 37 մահ։ «Հիմա գլխավոր մտահոգությունը վիրուսի ջունգլիներից քաղաքներ տարածման ռիսկն է», -ասել է OCHA-ն՝ հիշեցնելով, որ երկրի համայնքների մոտ մեկ քառորդը համարվում է բարձր ռիսկային, որոնցից շատերը «դասակարգված են որպես շատ բարձր ռիսկային»։ 

Կառավարությունը, Պանամերիկյան առողջապահական կազմակերպության աջակցությամբ, արձագանքում է դեպքերի աճին՝ պատվաստման արշավներ անցկացնելով։ Ավելի քան 1 միլիոն պատվաստում արդեն արվել է, դրանց թվում՝ տարեցների շրջանում։