Ֆլորիդայի օրենսդիրները հաստատել են հանրային խմելու ջրին ֆտորիդ ավելացնելն արգելող օրինագիծ, որն, ըստ հանրային առողջապահության մասնագետների, կարող է վնասել ատամների առողջությանը ամբողջ երկրի մասշտաբով, գրում է Healthday բժշկագիտական  հանդեսը։

Օրինագիծն այժմ ուղարկվում է նահանգապետ Ռոն Դեսանտիսի հաստատմանը։ Դեսանտիսը նախկինում քննադատել է ֆտորացումը՝ այն անվանելով «հարկադիր մշակում»։ Ֆտորացման նպատակն ատամների փչացումը կանխելն է, հատկապես երեխաների շրջանում։

Եթե ​​օրենքը ստորագրվի, Ֆլորիդան կդառնա ջրի ֆտորացումն արգելող երկրորդ նահանգը։

The Washington Post-ը գրում է, որ Յուտա նահանգում արգելքն ուժի մեջ կմտնի մայիսի 7-ին: Ֆտորիդի արգելքը գյուղատնտեսական ավելի լայն օրինագծի մի մասն է և տեղական ինքնակառավարման մարմիններին թույլ չի տա խմելու ջրում որևէ հավելանյութ օգտագործել, նույնիսկ եթե դրանք անհրաժեշտ են որակի բարելավման կամ անվտանգության չափանիշներին համապատասխանելու համար։ Ատամնաբույժների մի խումբ կտրուկ քննադատել է այդ քայլը։

«Ջրի ֆտորացման հետազոտությունները շարունակվում են ավելի քան 80 տարի, և ճնշող, հավաստի գիտական ​​​​ապացույցները ցույց են տալիս, որ հանրային ջրամատակարարման համակարգերի ֆտորացումն անվտանգ և արդյունավետ է ատամների կարիեսի կանխարգելման և բուժման համար», - հայտարարության մեջ նշել է Ֆլորիդայի ատամնաբուժական ասոցիացիայի նախագահ Ջեֆ Օթլին։