Այս սեզոնին Միացյալ Նահանգներում գրիպից ավելի շատ երեխաներ են մահացել, քան երբեւէ, 15 տարի առաջ խոզի գրիպի համաճարակից հետո, նշվել է ուրբաթ ներկայացված դաշնային զեկույցում:
Գրանցված 216 մանկական մահվան դեպքերը, որոնց մասին տեղեկացրել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնները, գերազանցում են անցյալ տարի գրանցված 207-ը: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2009-2010թթ. H1N1 գրիպի գլոբալ համաճարակից հետո, հաղորդել է Meical Xpress-ը։
Սա չափազանց մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ գրիպի սեզոնը դեռ շարունակվում է: 2023-2024թթ. գրիպի սեզոնի համար երեխաների մահացության վերջնական թիվը չի հրապարակվի մինչեւ աշուն:
«Այս թիվը, որ մենք հիմա ունենք, անկասկած թերագնահատված է, եւ երբ սեզոնը հայտարարվի ավարտված եւ հավաքվեն բոլոր տվյալները, այն հաստատ կավելանա», - նշել է Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի ներկայացուցիչ, դոկտոր Շոն Օ'Լիրին:
Հավանաբար, այս սեզոնի համար ծանրության մի քանի պատճառ կա, բայց գլխավորն այն է, որ ավելի քիչ երեխաներ են գրիպի պատվաստում ստանում, ավելացրել է Օ'Լիրին:
Գրիպի դեմ պատվաստումների մակարդակը ամերիկացի երեխաների շրջանում հինգ տարի առաջվա 64 տոկոսից այս սեզոնին նվազել է մինչեւ 49 տոկոս:
Գրիպի դեմ պատվաստումը չի կարող կանխել հիվանդության ախտանիշները, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն շատ արդյունավետ է հոսպիտալացումն ու մահը կանխելու համար, նշել է Օ'Լիրին:
Այս սեզոնը բարդ է եղել ոչ միայն երեխաների համար։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) ներկայացուցիչներն այն բնութագրել են որպես «ծայրահեղ ծանր» եւ գնահատել, որ այս սեզոնում գրանցվել են առնվազն 47 միլիոն հիվանդություններ, 610 հազար հոսպիտալացում եւ 26 հազար մահ:






