Բարսելոնայի գլոբալ առողջապահության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ 45-65 տարեկանում ֆիզիկական ակտիվության ավելացումն օգնել է կանխել Ալցհեյմերի հիվանդությունը ծերանալուն զուգընթաց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia (A&D) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է Ալցհեյմերի հիվանդության ընտանեկան պատմություն ունեցող 300 չափահաս կամավոր: Նրանք հետազոտողներին հասանելիություն են տրամադրել իրենց բժշկական փաստաթղթերին եւ ցույց են տվել իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակը ուսումնասիրության սկզբում:
Չորս տարվա ընթացքում մասնակիցները զեկուցել են իրենց շարժունության մակարդակի փոփոխության մասին եւ ենթարկվել են գլխուղեղի կանոնավոր նեյրովիզուալացման՝ համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ:
Արդյունքները ցույց են տվել, որ 45-65 տարեկան մարդկանց համար հավելյալ ակտիվությունը պաշտպանիչ գործոն է հանդիսացել դեմենցիայի դեմ: Նրանք, ովքեր շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվություն են դրսեւորել (կամ 75 րոպե ավելի ինտենսիվ վարժություններ են կատարել), իրենց ուղեղում ավելի քիչ ամիլոիդ սպիտակուցի կուտակումներ են ունեցել:
Ամիլոիդը սպիտակուցային ագրեգատ է, որն ունի հատուկ ծալքերով կառուցվածք։ Այն կարող է կուտակվել ուղեղում եւ խանգարել նեյրոնների աշխատանքին՝ հանգեցնելով կոգնիտիվ կարողությունների նվազման։ Գիտնականները նաեւ պարզել են, որ նրանց մոտ, ովքեր ավելի շատ են մարզվել, ավելի հաճախ է պահպանվել մեդիալ քունքային հատվածի ծավալը, որը կապված է հիշողության հետ:






